Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվն օրեցօր ավելանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA լրատվական գործակալությունը հայտնում է ադրբեջանական բանակի հերթական զինվորի զոհվելու մասին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանական բանակի զինվոր Սահիլ Յաշար օղլու Թառլանլըն մահացել է հրազենային վերքից: Դեռեւս հայտնի չէ, թե նա ինչպիսի հանգամանքներում է վիրավորվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:

 

 

Ադրբեջանը հաճախ թաքցնում է առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները եւ, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 6 զինծառայող, որոնցից երկուսը ներկայացվել է որպես ոչ մարտական կորուստ, կոչումով մայոր մեկ սպա էլ մահացել է հիվանդությունից: