Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV եւ Star հեռուստատեսությունների «Խոսում են թեկնածուները» համատեղ հաղորդման ուղիղ եթերում հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար թուրքական մամուլում վերածվել է ծաղրանկարային հերոսի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական gercekgundem.com կայքն, անդրադառնալով թեմային, հայտնում է, որ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը մեծացրել է իր խտրականության հռետորաբանությունը:

 

Կայքը հայտնում է, որ իր մրցակիցներին մեկին անվանելով' դու ալեւի ես, մյուսին' դու զազա ես, քննադատությունների թիրախ դարձած Էրդողանը ուղիղ եթերում ասել էր. «Իմ հասցեին շատ տգեղ բաներ են ասել, վրացի են անվանել, եւ ավելի վատ բան' ներեցեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել»:

 

Հայերի հասցեին նման վիրավորական եւ ռասիստական վերաբերմունքի համար Թուրքիայում շարունակվում է Էրդողանի հասցեին խիստ քննադատություններ հնչել: Թեմային անդրադարձել է նաեւ թուրք անվանի ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին, ով Էրդողանին ֆաշիստական խորհրդանիշով պատկերած ծաղրանկարի վրա գրել է. «Հրեայի վիժվածք…Դու ալեւի ես, դու զազա ես…Ներեցեք, բայց ինձ ավելի վատն էլ են ասել, հայ են անվանել…»:

 

Էրդողանի հայատյաց հայտարարությանն անդրադարձել է նաեւ Washington Post թերթը' նշելով, որ Թուրքիայի նախագահ ընտրվել ցանկացող թուրք վարչապետի հայտարարությունը հայերին ուղղված բացահայտ վիրավորանք է:

 

Թուրքահայերի «Մոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը Էրդողանին հայտայաց վարքագծի դեմ այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: