Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում նախագահ ընտրվելու մասին պաշտոնական փաստաթուղթը: Հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը փաստաթուղթը օգոստոսի 15-ին ներկայացրել է երկրի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին: Նա ասել է, որ «Նախագահական վկայականը» Էրդողանին խորհ րդարանում հանձնվելու է օգոստոսի 28-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CNNTurk-ը, Թուրքիայի ԿԸՀ-ը հրապարակել է նաեւ ընտրություններում քվեարկության արդյունքները, ըստ որոնց' Էրդողանը հավաքել է ընտրողների 51,74 տոկոս քվեներ, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն' 38,49 տոկոս քվեներ, մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը' 9,77 տոկոս քվեներ:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը երեկ հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է որպես նախագահ իր առաջին այցերը կատարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն եւ Ադրբեջան: Նրա խոսքով' ամենայն հավանականությամբ, Էրդողանը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի ընթացքում: