Հայաստանի դպրոցներ այս տարի ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանի աշակերտներ, քան նախորդ տարիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա, կարծում եմ, որ սա շատ լավ թիվ է: Ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե պահպանվում էր, և մենք ամեն տարի 37-39 հազար աշակերտ ենք ունեցել: Բայց այս տարի երեխաները շատ են, որովհետև Հայաստանում վեց տարի առաջ ծնելիությունը բավականին բարձր է եղել, և տարեցտարի աճման միտում ունի, որի համար շատ ուրախ ենք»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ ծնելիության աճ է նկատվում պետության որդեգրած քաղաքականության և կատարվող սոցիալական բարեփոխումների շնորհիվ:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն աշխատանք է տանում առաջին դասարանի աշակերտներին հայկական արտադրության պլանշետներ տրամադրելու ուղղությամբ: Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ պլանշետների ձեռք բերման հարցը քննարկվում է: «Հնարավոր է, որ 2016 կամ 2017 թվականներին նման բան իրականացվի, սակայն այս ամենը դեռ քննարկման փուլում է»,-հավելեց Հովհաննիսյանը:

 

Վիճակագրության համաձայն, 2012-2013 թթ. Հայաստանում գործող 1435 հանրակրթական հաստատություններ հաճախել են 368 հազար 708 աշակերտներ: