«Յուքոմ» ընկերության ղեկավար կազմը' տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ, օգօստոսի 20-ին այցելել է Տավուշի մարզի մի շարք զորամասեր ու մարտական շուրջ 30 դիրքեր, որոնք առավել մոտ են առաջնագծին, և որտեղ մարտական հերթապահություն կատարող զինծառայողներն անմիջական մասնակցություն էին ունեցել հակառակորդի՝ վերջերս կատարված դիվերսիոն գործողությունների հետմղման գործընթացին։

Ընկերությունն ամեն մի զինծառայողի համար պատրաստել էր անհատական փաթեթ՝ քաղցրավենիքի տեսակներ ու ծխախոտ: Նմանատիպ փաթեթներ են ստացել նաև սպայական անձնակազմի անդամները:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Այցի հիմնական նպատակը զինծառայողներին մեր հարգանքն ու երախտիքը հայտնելն էր։ Որպես հայկական ընկերություն՝ «Յուքոմը» մշտապես կանգնած է լինելու Հայոց բանակի, հայ զինվորի, հայոց պետականության կողքին: «Յուքոմը» մշտապես պատրաստ է օժանդակություն ցուցաբերել հայոց բանակին' հանուն մեր երկրի և քաղաքացու անվտանգության»: