Արարատի մարզի Այնթապ համայնքում մեծ հանդիսավորությամբ ընդունեցին օրերս ՌԴ մերձմոսկովյան Ալաբինո քաղաքում կայացած «Միջազգային տանկային բիաթլոն- 2014» տանկիստների աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած պայմանագրային զինծառայող Գագիկ Գրիգորյանին: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, Մասիսի զինկոմ, «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Գնել Մանուկյանը, Գրիգորյանի ուսուցիչները, դպրոցի տնօրենը, Գրիգորյանի ծնողները, Արմավիրի Մարշալ Բաղրամյանի ռազմաուսումնական բրիգադային զինվորները' հրամանատար Գևորգ Ենոքյանի գլխավորությամբ: Մրցույթից առաջ, հենց այդ բրիգադում էր վերապատրաստում անցել Գագիկ Գրիգորյանը: Գրում է «Արմենպրես»-ը:
Հրամանատար Գնել Ենոքյանն ընդգծեց, որ այդ մրցույթում փոխչեմպիոն դառնալը հպարտության զգացում է առաջացնում յուրաքանչյուր հայի մեջ: Նա ընդգծեց, որ մրցույթին մասնակցում էին 12 պետությունների տանկիստներ, որի ժամանակ հայկական տանկի անձնակազմն ընդամենը երեք րոպեով է զիջել ՌԴ տանկիստներին: Նա ընդգծեց նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարը հայ տանկիստներին պարգևատրել է т-90 ռազմական տանկով, ինչը միակն է ողջ Հայաստանում: Հրամանատարը Գրիգորյանին շնորհավորեց կրկնակի տոնի' աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու և ծննդյան օրվա կապացությամբ:
«Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Գնել Մանուկյանը Գրիգորյանին պարգևատրեց «Զորավար Անդրանիկ» մեդալով, գյուղապետարանը 100 հազար դրամով ու պատվոգրով: Պատվոգրով պարգևատրեց նաև Արմավիրի տանկային բրիգադի ղեկավարը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով ասաց, որ չափազանց հպարտ է, որ հաղթողն Արարատի մարզից է, մասնավորապես' հենց իր համագյուղացին: Նա նաև հպարտությամբ ընդգծեց, որ հայ բանակն այդքան մարտունակ է, և ունի նման քաջ զինվորներ: