Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարի վերջին կանգառը «Բոզոյաններ» ՍՊԸ-ին պատկանող հացահատիկի ցանքատարածություններն էին: Նախարարը դաշտերում աձամբ հետևեց հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին:

 

Լրագրողների հետ զրույցում «Բոզոյաններ» ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյանը նշեց, որ իրենց ընկերությունն զբաղվում է ցորենի մշակությամբ: «Մենք անցած տարվա համեմատ ցանքատարածություններն ավելացրել ենք 300 հետկարով և այս տարի ևս 400 հեկտարով կավելացնենք: Նաև մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա' մինչև 5000 հեկտար տարածքում ցորեն աճեցնելու և բերքը հավաքելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Պողոսյանի խոսքով' նախարարի այցն իրենց էլ ավելի ոգևորում է, ստիպում էլ ավելի մեծ ուժերով առաջ շարժվել: Նա ընդգծեց, որ արտահանման հետ կապված ծրագրեր այս պահին չկան, քանի որ Հայաստանը ցորեն ներկրող երկիր է, և արտահանման խնդիր այս պահին չկա: «Մեր ցորենը վաճառում ենք Հայաստանի տարածքում: Պետք է ասեմ, որ հողերն անջրդի են, սակայն ցորենի միջին բերքատվությունը եղել է 33-35 ցենտներ»,- ասաց նա:

 

Ընկերությունը օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից: Գյուղնախարարությունից բարձր որակի սերմացու են վերցրել, որից առատ բերք է ստացվել: Ընկերության տնօրենը նշեց, որ իրենք հայտ են ներկայացրել այդ ծրագրում մշտապես ընդգրկվելու համար:

 

«Բոզոյաններ» ՍՊԸ-ն այս պահին ունի 20 աշխատող՝ 80-120 հազար միջին աշխատավարձով: Պողոսյանը տեղեկացրեց, որ աշխատողները հիմնականում տեղի բնակիչներն են, սակայն առաջիկայում նպատակ կա հրավիրել նաև դրսի բարձրակարգ մասնագետների:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ «Բոզոյաններ» ՍՊԸ-ն Տաշիրի տարածաշրջանում ամենամեծ հողօգտագործող կազմակերպությունն է: «Նրանք այս պահին մշակում են 1500-1600 հետկար հող: Հիմնականում զբաղված են ցորենի արտադրությամբ: Այս տարի շատ բարձր բերք ստացանք: Նրանց մոտ միջին բերքը կազմում է 35 ցենտներ անջրդի հողերի վրա, և սա շատ լավ ցուցանիշ է»,- ասաց նախարարը:

 

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, ինչի արդյունքում բերքահավաքն ընթանում է առանց կորուստների: «Այս պահին մեզ համար շատ կարևոր է, որպեսզի լուծենք հանրապետությունում կոմբայնների հարցը: Կառավարությունն արդեն որոշել է, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն»,- շեշտեց Կարապետյանը:

 

Ամփոփելով Լոռու մարզ կատարած աշխատանքային այցը՝ նախարարը նշեց, որ այցի հիմնական նպատակներից մեկն էր նաև կաթ վերամշակող ձեռնարկություններ այցելելը և հորդորել այն ձեռնակրություններին, որոնք զբաղված են պանրի արտադրությամբ, ավելացնել արտադրության ծավալները: «Մենք եղանք «Դուստր Մելանյա» ընկերությունում, որտեղ այս պահին կա մոտ 300 տոննա բարձր որակի պանիր, և նրանք հնարավորություն ունեն իրենց արտադրանքի ծավալներն ավելացնելու:

 

Սեփականատերը խոսք տվեց, որ ձմռանը որոշակի միջացառումներ են ձեռնարկելու կաթ տեղափոխող մեքենաներ ձեռք բեր ելու ուղղությամբ, որպեսզի ավելացնեն մթերման և արտադրության ծավալները՝ հասցնելով 500 տոննայի: Սա շատ մեծ ձեռքբերում է, հատկապես այն պարագայում, որ մենք կարող ենք մեծացնել դեպի Ռուսաստան արտահանման ծավալները»,- ընդգծեց նախարարը:

 

Անդրադառնալով կարտոֆիլի բերքատվությանը՝ նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այդ մշակաբույսի բերքահավաքը դեռ չի սկսվել: «Որոշ համայնքներում միայն սկսվել է միջահաս բերքի հավաքը: Ես պետք է ասեմ, որ այս տարի ավելացել են կարտոֆիլի ցանքատարածքները և բարձր բերք է սպասվում, որովհետև շատ լավ դաշտեր կան՝ հատկապես Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

 

Ամրակից համայնքում, որտեղ մենք այսօր եղանք, երկու անգամ կարկտահարություն էր եղել, և ինձ հետաքրքիր էր, թե այնտեղ ինչպիսի բերք կլինի: Սակայն տեսանք, որ իրենք բերք ստացան, և դա հիմնականում սերմացու է, որը կօգտագործվի տեղում, այլ տնտեսվարողների կողմից և հնարավորություն կլինի նաև վաճառել»,- հավելեց նախարարը:

 

Նա նաև հիշեցրեց, որ կարկուտից տուժած համայնքներին տրամադրվել է օժանդակություն՝ պարարտանյութերի և դիզվառելիքի տեսքով, վարկերը հետաձգվել են, և հիմա էլ բանկերն աշխատում են շահառուների հետ անհատական կերպով և յուրաքանչյուրի խնդրին անհատական լուծում են տալիս:

 

Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ՀՀ վաչապետի մոտ հավաքվել էին վերամշակող ճյուղի բոլոր ոլորտների սեփականատերերը, որտեղ վարչապետը խոստացել է աջակցել ցածր տոկոսներով վարկերի տրամադրմանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեծացնել իրենց արտադրանքի ծավալները:

 

«Իհարկե, մենք պետք է մարդկանց շահագրգռենք, որպեսզի նրանք ավելացնեն իրենց արտադրանքի ծավալները, որն էլ կհանգեցնի արտահանման ծավալների մեծացմանը, հատկապես որ այսօր մենք դրա հնարավորությունն ունենք»,- շեշտեց նա: