Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որեղից էլ ուղեգրվել և ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

 

Նա ենթարկվել է համալիր' կենսաքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: