Մաքսային միությանը միանալու քաղաքական որոշումից անցել է մեկ տարի և այս ընթացքում կատարվել են նվազագույնը 2-3 բավականին լուրջ սոցիոլոգիական հարցումներ, որոնք ցույց են տվել, որ մեր հասարակության մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, կողմ է Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշմանը։ Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: « Ավելին՝ սփյուռքի հայ համայնքներում արված հարցումները մեզ համոզեցին նրանում, որ սփյուռքահայության մեծ մասը նույնպես կողմնակից է այդ որոշմանը և հատկանշական է, որ Ռուսաստանի հանրության մեջ արված հետազոտությունները փաստեցին, որ իրենց հասարակությունը Բելառուսից հետո հենց Հայաստանին է ցանկանում տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

 

Փորձագետը, դիտարկելով ադրբեջանական հասարակության մեջ տիրող բարքերը, եզրահանգում է, որ Ադրբեջանը կիսաահաբեկչական երկիր է, և այս որոշմամբ ռազմաքաղաքական առումով Հայաստանը գրեթե բացառում է պատերազմի վերսկսումը։ «Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանից բխող վտանգից բացի, ներկայումս Մերձավոր Արևելքում գործող իսլամիստական խմբավորումները մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն տվյալ տարածաշրջանի համար, այլ նաև մեզ համար, քանի որ նրանք մտադիր են իրենց գործունեությունը տեղափոխել Կովկաս։ Մեր անվտանգությունը երաշխավորելու ց զատ, մենք հնարավորություն ենք ստանում Ռուսաստանից զենք գնել գործարանային գներով»,- ասաց փորձագետը։ Տնտեսական առումով, ըստ Հարությունյանի, Հայաստանի համար շահեկան է, որ գազի ներկրման գինը չի բարձրանալու։ «Դուք պատկերացնում եք' ինչ կլիներ, եթե էներգակիրները մոտենային միջազգային գներին, դա մեր տնտեսությանը կկանգնեցներ ուղղակի աղետալի հետևանքների առջև»,- հավելեց բանախոսը։

 

2014թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին: Փաստաթղթի մեջ մասնավորապես ասվում է. «Ընդունել 2014 թվականի մայիսի 29-ին ՌԴ կառավարության կողմից ընդունված առաջարկությունը, որն առնչվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը»: ՌԴ էկոնոմիկայի նախարարությանը իրավունք է վերապահվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ տարվող բանակցությունների ժամանակ ոչ սկզբունքային հարցերի շուրջ փոփոխություններ մտցնել պայմանագրում, սակայն նախարարների խորհրդի հետ համաձայնության գալուց հետո միայն: