Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որի նախաձեռնողն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին էր, տպավորություն է ստեղծում, որ ադրբեջանցիների մոտ այն դժգոհությունների տեղիք է տվել:

 

Հոգեբանորեն սա արտահայտվում է նրանով, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի մակարդակով ադրբեջանական կողմը անցել է անձնական վիրավորանքների: Մասնավորապես, թվիթերյան իր էջում պաշտոնյան բառացիորեն գրել է.«Բարձր մակարդակի հանդիպումներում նրա (Սերժ Սարգսյանի – Tert.am) հայտարարությունները, գործողություններն ու դիմախաղը ոչ ադեկվատ են»:

 

Ի դեպ, ադրբեջանցու այս գրառման հղումը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը տեղադրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի թվիթերյան «պատերին»՝ իր կողմից ավելացնելով՝ Sick dictators usually are surrounded by sick staffers («Հիվանդ բռնապետները սովորաբար շրջապատված են լինում հիվանդ աշխատակիցներով)»։ Ենթադրվում է, որ սրանով ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրվում իրենց կողմից հրավիրված եռակողմ հանդիպման մասնակցի կողմից դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտումներին։

 

Հայկական ատլանտյան ասոցիացիա ՀԿ–ի գործադիր նախագահ Թևան Պողոսյանը, անդրադառնալով այս և նմանատիպ դեպքերին, նկատեց, որ սա վկայում է երևանյան բառապաշարով ասած՝ սովորական «մանթրաժի» մասին:

 

 

«Նախ, Ադրբեջանցիները «մանթրաժ» են նրանից, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ կրեցին մեծ պարտություն ռազմական դաշտում, երբ ողջ աշխարհը հասկացավ, որ չնայած ադրբեջանական ռազմական բյուջեի ահռելի ծախսերին, իրենց հատուկ գրոհայինները չեն կարողանում ինչ-որ բան անել, իսկ մեր սահման պահող 18 տարեկան տղաները տեղը տեղին իրենց բանակի ջարդը տալիս են: Եվ դրա հետ միասին ի չիք են դրվում բոլոր ադրբեջանական այն սին հայտարարությունները, թե Հայաստանն այլևս երկիր չէ, սրա, նրա կցորդն է, և, հակառակը, Հայաստանը կարողանում է իր փոքր ռեսուրսներով կարողանում է հաղթող դուրս գալ:

 

Եվ, սա, բնականաբար, Ադրբեջանի նախագահին ու վերին էշելոնին չի թողնում դուրս գալ այդ «մանթրաժից», որ մենք միշտ ասում ենք՝ «վայ, մենք սենց հարուստ ենք, սենց՝ ուժեղ», բայց պարտվում ենք»,- նշեց Թևան Պողոսյանը:

 

 

Նրա խոսքով՝ սրանք ֆոնային գործոններն են, ինչ վերաբերում է հարցին, թե գագաթաժողովի շրջանակներում ընդունված ինչ փաստաթղթերից, բանաձևերից կարո՞ղ են դժգոհ լինել ադրբեջանցիները, ապա առանձնացրեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը՝ ասելով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստացավ մի տեքստ, որն իր համար անցանկալի է:

 

 

«Չնայած այնտեղ նշված էր «տարածքային ամբողջականությունը»,բայց դրանից հետո գրված էր, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ ընդգծված՝ բոլոր միջազգային սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի գաղափարներով, ինչն էլ բերում է մի երևույթի, որ Մինսկի խմբում առկա բոլոր սկզբունքները, (այսինքն՝ նաև ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և այլն) անկախ նրանից՝ դրանք մեզ համար ընդունելի՞ են, թե ոչ, հանդիսանո՞ւմ են այսպես ասած՝ միջազգային առաջարկ և կարո՞ղ են տեղ գտնել ՆԱՏՕ-ի հռչակագրում»,– ասաց նա:

 

 

Ըստ որում, Թևան Պողոսյանն ընդգծում է, որ եթե առաջ միայն՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն էր հակադրվում տարածքային ամբողջականությանը, բայց որևէ այլ նախադասություն չէր նշվում, ապա հիմա նկատվում է բառապաշարի փոփոխություն, որն ավելի համահունչ է Մինսկի խմբի համանախագահ 3 երկրների նախագահների բառապաշարին:

 

 

Հիշեցենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եռակողմ հանդիպումից հետո իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է չկա հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք, բացառել է իրավիճակի լարումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

 

 

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը այս համատեքստում Tert.am–ի հետ զրույցում հիշեցրեց, թե ինչ ակնկալիքներ բարձրացրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքու կատարած այցի ընթացքում:

 

«Որ մենք գնալու ենք ՆԱՏՕ, մենք պահանջելու ենք, հիշեցնելու ենք ՆԱՏՕ-ի խոստումները տված Ադրբեջանին, և անելու ենք այնպես, որ … և այլն, և այլն: Ասեմ, որ սա PR էր, բայց շատ ոչ հեռատեսական: Այսինքն՝ այդ ի՞նչ խոստում էր տրվել, որ հիմա էլ պետք է կատարվեր, և, հետևաբար, հանրության ինչ-որ մի հատված կարող էր այդ ակնկալիքն ունենար, որ վայ, հեսա լուրջ բան է կատարվելու, որը, կրկնում եմ, չէր կարող կատարվել ու չկատարվեց»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ ակնկալիքներ կարող էին ունենալ Ադրբեջանում այդ գագաթնաժողովից:

 

 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կարծիք է փորձագիտական կարծիքներ են հնչում (քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյան, Ստյոպա Սաֆարյան), թե Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում ներկայումս չկա նախկին ջերմությունը, ինչ-որ «մռայլված» վիճակ է (սրա հիմնական փաստարկը Կալիֆոռնիայի Սենատի ՝ Արցախի ճանաչումն է , այլ հայանպաստ հայտարարություններ ու բանաձևեր ԱՄՆ դաշնային խորհրդարանների մակարդակով):

 

 

Կարեն Բեքարյանը ևս համամիտ է, քանի որ ասաց. «Չի կարող լինել այդ ջերմությունը՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի ներսում: Այդ ջերմությունը , որն ուղղակի նստած է առկա քաղաքական կոնյունկտուրայի շահերի վրա, բայց արդեն իր մեջ արժեքայինը չի պարունակում, այլևս չի կարող շարունակվել: Այսինքն՝ ամեն ինչ իր ազդեցությունն է թողնում:

 

Եվ անգամ, սրա հետ կապված «ականջներից քաշած» (նկատի ունի արհեստական – Tert.am) ինչ- որ բաներ են տեղի ունենում, օրինակ՝ Ուորլիքի թվիթերյան գրառումը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Ուելսում են, մենք բոլորս կիսում ենք նույն արժեքները … Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահի հետ նույն արժեքներն ենք կիսում: Եթե Ուորլիքը կիսում է, գոնե միայն իրանից թող խոսի»:

 

 

Ի դեպ, քաղաքագետը նշեց, որ հաշվի առնելով Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, իրավապաշտպանների ձերբակալությունները, ոմանք զարմացած են անգամ, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախագահի մակարդակով մասնակցելու հրավեր է ստացել, որովհետև այդ գործընթացները առնվազն դեմարշ, անհամաձայնություն արտահայտող վիճակին պետք է հանգեցնեին: