Իշխանություններն առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների սահմաններում ձևավորել են աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որում, միգուցե, ընդգրկված են կարևոր հարցեր, բայց կա մի հարց, որն արտացոլված չէ ներկայացված օրակարգում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինիս նշեց, որ այդ հարցը վերաբերում է արտագաղթին:
«Այն Հայաստանի գոյության, անվտանգության համար այսօր ամենաճակատագրական հարցն է, այնքան կարևոր, որի բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից, օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությունները, անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Այս առաջարկն անում եմ նաև քառյակի անունից: Խոսքն աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի մասին է: Երկրից, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2013թթ. 212 000 մարդ է հեռացել: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկումներ սկսել արտագաղթի և նրա հաղթահարման շուրջ: Մենք՝ ՀԱԿ-ը, իհարկե կասկած չունենք, որ նման իրավիճակի համար պատասխանատու է իշխող ռեժիմն իր համատարած կոռուպցիայով և անարդարություններով, բայց մենք պատրաստ ենք բաց քննարկումների, և եթե դուք խնդրի առթիվ ասելու որևէ բան ունեք՝ եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ՝ Հայաստանը դատարկելու վտանգից փրկելու նպատակով»,- ասաց Զուրաբյանը:
Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների»: