ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը Կապանում մեկնարկեց սեպտեմբերի 13-ին' քաղաքի մարզադաշտում կազմակերպված տոնական մեծ համերգով, որին մասնակցում էին հանրապետությունում սիրված ու ճանաչված երգիչներ, պարային խմբեր: Միջոցառման սկզբում հիշեցին Արցախյան հերոսամարտի նահատակներին, անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայորդիներին եւ մ եկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը կապանցիներին ընթերցեց ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Տիգրան Փարվանյանը: «Խորհրդանշական է, որ նվիրական այս տոնի տոնակատարությունները մեկնարկում են Կապանից, շրջան, որը դարձավ Արցախյան ազատամարտի, հայոց պետականության վերականգնման համար մղվող պայքարի առաջին ջահակիրներից մեկը, ենթարկվեց օդային ու հրթիռահրետանային ծանրագույն հարվածների, բայց կարողացավ կազմակերպել շրջանի սահմանների ամուր եւ հուսալի պաշտպանությունը: Դավիթ-Բեկի ու Գարեգին Նժդեհի պատգամներն անթեղած ու սկզբունքները որդեգրած կապանցու մարտական ոգին թույլ տվեց այստեղ կազմավորել նորաստեղծ հայկական բանակի առաջին ու ամենամեծ մոտոհրաձգային զորամասերից մեկը: Նրա անձնակազմը ծանրագույն այդ ամիսներին փայլուն կատարեց Սյունիքն անառիկ պահելու խնդիրը եւ մեծ մասնակցություն ունեցավ 1993թ. ազատագրական հաղթարշավին, իսկ 1994-ին' անվտանգության գոտու պաշտպանությանը' խաղաղություն բերելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գոտու բնակավայրերին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասված է ուղերձում, որում Պաշտպանության նախարարը Կապանին մաղթում է տնտեսական զարգացում ու բարեկեցիկ կյանք, ցանկանում, որ գալիք տարիները նշանավորվեն հայոց պետականության հզորացմամբ եւ խաղաղության ամրապնդմամբ:
Ուղերձի ընթերցումից հետո գնդապետ Փարվանյանը «ՀՀ պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուս» պատվոգրով պարգեւատրեց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին' բանակային կորպուսի ենթակա զորամասերին սատար կանգնելու եւ համատեղ գործունեություն ծավալելու համար:
Անկախության տոնին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, հյուրեր մայրաքաղաքից, ազատամարտի վետերաններ, զինծառայողներ, ավարտվեց ուշ երեկոյան' տոնական հրավառությամբ: Միջոցառման գլխավոր հովանավորներն էին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն եւ ձեռնարկության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: