Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին' աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը' մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը և պարտավորեցնող այլոց համար' ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին և բոլորիս' այս մեծ հաղթանակի առթիվ: Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը, դու ըմբշամարտի արքա ես, կեցցե'ս: Նոր հաղթանակների մաղթանքով և ընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով' Արթուր Աբրահամ»,- նշել է Աբրահամը: