Անցնող օրվա ամփոփ տեղեկատվությունն ըստ «Mediamall.am» լրատվականի.
Վթար' Թումանյան փողոցում. կան տուժածներ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում' «Ինեկո» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ' հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VM 760 պետհամարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս' «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 216 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչից «վարորդ՝ Ա. Ս.-ն և ուղեոր Ռ. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել' 04.54-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը և հետևի երկու անվադողերն ամբողջությամբ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Հրդեհ Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 3-րդ մուտքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել՝ 05.05-ին:
Այրվել է Լ. Ղ.-ի վարձակալած թիվ 22 բնակարանի դռան առջևի գորգը և ծխահարվել հարակից պատը (2 քմ):
***
Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է
Գրող, լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում:
1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող:
1996թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ 1915թ. տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, բազմիցս հալածվել է: 2005թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության: 2005թ. արժանացել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006թ.՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007թ.՝ հետմահու՝ ՀՀ նախագահի և այլ մրցանակների: Սպանվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ թերթի խմբագրատան առաջ՝ թուրք ազգայնամոլի հրազենի գնդակից: Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքին: 2007թ. ստեղծվել է Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց:
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։
***
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությունից Կարեն Պետրոսյանի գործով բացատրություն է պահանջել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքի հայցին ընթացք է տալիս' Ադրբեջանի կառավարությունից բացատրություն պահանջելով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից, Պետրոսյանի ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)' դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:
«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը,- այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:
«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասաց աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:
Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:
Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:
Աշխատանքային խմբին չծանրաբեռնելու, ինչպես նաև Պետրոսյան ընտանիքին նրանց համար այս ծանր ժամանակահատվածում ավելորդ հետաքրքրասիրությունից զերծ պահելու նպատակով աշխատանքային խումբը դիմում է լրագրողներին՝ խմբի հրապարակած տեղեկատվության սահմաններից դուրս խմբի անդամներից և ընտանիքի անդամներից լրացուցիչ մեկնաբանություններ չպահանջելու խնդրանքով: Նման հարցերի պատասխանները պետք է քննարկվեն խմբի բոլոր անդամների կողմից, իսկ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն խմբի անդամների միաձայն համաձայնությամբ, ինչը էականորեն ծանրաբեռնում է խմբի անդամներին: Ինչ վերաբերում է Պետրոսյան ընտանիքի անդամներին հարցադրումներ կատարելուն, ապա մենք ապավինում ենք լրագրողական համայնքի՝ սույն հարցին ըմբռնումով մոտենալու պատրաստակամությանը. գործը գտնվում է իրավաբանական բարդ ընթացակարգերում և ընտանիքի յուրաքանչյուր անդամին առանց իր փաստաբանի հարցեր ուղղելու և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալը կվտանգի սույն գործով տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը: Միաժամանակ, աշխատանքային խումբը պարտավորվում է լրագրողական համայնքի միջոցով սույն գործի զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հրապարակային հնարավորինս մանրամասն հաղորդագրություններով՝ հաշվի առնելով և բարձր գնահատելով սույն գործի վերաբերյալ հայաստանյան և միջազգային մամուլիև այլ հանրության ուշադրությունը:
***
Հրացան, նռնակ և փամփուշտներ է հանձնել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և կամավոր հանձնել մեկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ' առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 135 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Գալշոյան փողոցի 12 շենքի մի բնակարանից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա է թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարել գողությունը:
Կատարվում է քննություն:
***
Մեկնարկել է ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Փարիզում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ռուսական պատվիրակության աղբյուրին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը քննարկում են Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակը:
Հանդիպումն սկսվել է Փարիզում կայացած միջազգային կոնֆերանսից հետո, որը նվիրված է եղել Իրաքում տիրող իրավիճակին: