Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգությունն անտեղի ու անհիմն է, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Շրջանառության հարկի մասին նոր օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին:

 

«Հակառակը, այս փաթեթով ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՓՄՁ-ները կայանան: Մենք չենք հանդուժելու, որ ՓՄՁ-ները դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների կողմից հարկերը թաքցնելուն: Մեր թիրախը պետք է լինի խոշորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում անհիմն ստուգումներից: Վարչապետի խոսքով՝ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, թե կառավարությունը փորձում է ճնշել ՓՄՁ-ներին: Ըստ Աբրահամյանի՝ անհիմն և անհասականալի է, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ Շրջանառության հարկի 3,5 տոկոս դրույքաչափին, քանի որ նոր օրենքում այն իջեցվել է 1 տոկոսի:

 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ևս զարմանալի և անհասկանալի համարեց ՓՄՁ-ների անհանգստությունը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Շրջանառության հարկի մասին նոր օրենքի վերաբերյալ: «ՓՄՁ-ներն անհանգստանալու ոչինչ չունեն, օրենքն ունի երկու կարգավորում, հարկային բեռի թեթևացում՝ 3,5 տոկոսից մինչև 1 տոկոս, որն աննախադեպ հարկային թեթևացում է: Երկրորդ՝ փասատթղթաշրջանառության ապահովում: Օրենքը ոչ թե վարչարարական հսկողություն իրականացնելու նպատակ ունի, այլ գործիք է հանդիսանում՝ հնարավորություն ընձեռելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնելու վերահսկողություն»,- ընդգծեց փոխնախարարը:

 

Նրա խոսքով՝ օրենսդրությամբ վարչարարությունն ուղղվել է խոշորին, ՓՄՁ-ները ֆինանսների նախարարության նպատակը չեն: Միաժամանակ, Միրումյանը նկատեց, որ այս օրինագիծը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում ՓՄՁ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ:

 

Փոխնախարարը վստահեցրեց, որ հարկային մարմիններն անհարկի միջամտություններից ձեռնպահ են պահելու ՓՄՁ-ներին, որևէ միջամտություն ՓՄՁ-ների մասով տեղի չի ունենալու: Ընդամենը ռիսկային սուբյեկտների նկատմամբ տարբեր զգուշացումներից հետո կիրականացվի հսկողություն և վարչարարական գործողությունները կուղղվեն միայն նրանց դեմ:

 

Ի դեպ, կառավարության շենքի առջև տարբեր տոնավաճառների առևտրականները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով նոր օրենքի կիրառումից զերծ մնալ: