Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

 

Ընդունելությանը մասնակցել են Վիետնամի կառավարության, նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբի նախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ղեկավարներ:

 

Բացման խոսքով հանդես է եկել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները:

 

Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը բարձր է գնահատել փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպան Վարդանյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

 

Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ելույթով է հանդես եկել Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մինհ Խոյը: Բարձր գնահատելով հայ ժողովրդի ունեցած ներդրումը անկախության համար Վիետնամի ժողով րդի մղած պայքարում, ինչպես նաև երկրի կայացման և զարգացման գործում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած ներդրումը՝ Մինհ Խոյը նշել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու ժողովուրդները միշտ եղել են կողք-կողքի: Մինհ Խոյը ելույթում անդրադարձել նաև հայ-վիետնամական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ նշելով, որ 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վիետնամ նոր խթան հանդիսացավ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման համար: