ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեցին Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարություններում Վերահսկիչ պալատի 2013 թվականին արված ուսումնասիրության արդյունքները:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունում ուսումնասիրվել է չորս ուղղություն:

 

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև «Հայկական միրգ»-ում կատարված ուսումնասիրությունները:

 

Հաշվետվության ներկայացումից հետո ՎՊ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց «Հայկական միրգ» ընկերության մասով բերված փաստերի հետ կապված բոլոր փաստաթղթերը, ապա ամփոփիչ հարց ուղղեց տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին՝ «Ո՞ր կետի հետ համաձայն չեք»:

 

Ընկերության տնօրենը երկար լռելուց հետո հայտարարեց, որ ինքը համաձայն է ներկայացվածի հետ, ինչից հետո Իշխան Զաքարյանն ասաց. «Ձեր նախկին տնօրենը՝ Ալվինա Ավագյանը, հեռուստատեսությամբ ասում է՝ Իշխան Զաքարյանի հայտարարությունն ընդամենը շոու է: Դուք էլ, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Արմնյուզ» և «Կենտրոն» հեռուստաընկերություններով հայտարարում եք. «Սև PR են անում, ցեխ են շպրտում, սխալ փաստեր են հրապարակում և մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում: Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ վատը տեսնում, մենք նորմալ ծրագիր ենք անում, առանց այդ էլ գյուղացու կոտրած հավատը նորից ուզում են կոտրել ինչ-որ սուտ-մուտ տեղեկություններով»: Հիմա ո՞նց եք մեկնաբանում այն, ինչ ասացիք այստեղ և ինչ ասել եք: Մենք, որ բացահայտումներն անում ենք, դրանով գյուղացու հավատը կոտրո՞ւմ ենք, այսպե՞ս եք պատասխանում ՎՊ-ի հետազոտություններին»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

Ընկերության տնօրենն սկսեց մեղադրել լրատվամիջոցներին, որից հետո հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը խորհուրդ տվեց տնօրենին չշարունակել, այլապես պետք է մամուլին էլ պատասխան տա: