Հայաստանը չի կատարում ընտրությունների կազմակերպման հարցով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժովի առաջարկները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի հայտարարությունը։ Հայտարարությունում ԵԽԽՎ ներկայացուցիչները իրենց անհանգստությունն են հայտնել ընտրացուցակներում առկա անհամապատասխանությունների եւ արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական գործընթացին մասնակցելու վերաբերյալ անհասկանալի հարցերի կապակցությամբ։ «2011թ. աշնանը Վենետիկի հանձնաժողովի կատարած առաջարկությունները մինչեւ այժմ չեն իրականացվել։ Եթե հիշում եք, դրանք վերաբերում էին ԱԺ-ում մեծամասնական տեղերի կրճատմանը, պետական եւ կուսակցական աշխատակազմի բաժանմանը։ Այդ ժամանակից «Ժառանգությունն» այս հարցը բարձրացրել է, մեզ միացել են նաեւ այլ քաղաքական ուժեր, սակայն իշխանությունը մերժեց մեր առաջարկները»,- նշեց Սաֆարյանը։
Նրա կարծիքով, առաջարկների չիրականացման համար մեղքի բաժին ունեն նաեւ միջազգային կազմակերպությունները, քանի որ ոչ միշտ են արձագանքում իրենց առաջարկների անտեսման պարագայում։
Ինչ վերաբերում է ընտրացուցակների թերությունների, Սաֆարյանը նշեց, որ թափանցիկության պակասը զգացվել է 1-ին ընտրատարածքում արտահերթ ընտրությունների ժամանակ, որին մասնակցել է Սաֆարյանը։ Ընտրությունների ժամանակ ընտրացուցակները հասանելի էին բոլորին, բայց հնարավոր չէր դրանք համեմատել նախորդ ցուցակների հետ։ «Այսպիսով, անհնար էր պարզել, թե արդյոք ավելացել են այդ ընտրություններում մարդկանց անուններն ընտրացուցակներում։ Ի՞նչ նոր ընտրողներ են ավելացել այդ ցուցակներում, եւ նրանցից ովքեր ունեն երկու գրանցում»,- ասաց Սաֆարյանը։
Ըստ նրա՝ Ոստիկանության խոսքը, գործից մեծ տարբերություն ունի։ «Խոսքն ու գործը տարբերվում է։ Թեմային մեկ հավելում եւս. Ոստիկանությունը հայտարարել է, թե վերջին 6 ամսվա ընթացքում ընտրողների թիվը ավելացել է 25 հազարով։ Անհասկանալի է, թե ո՞րտեղից»,- եզրափակեց նա։