Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը բարձրացրեց «Շրջանառության հարկի մասին օրենքի» դեմ բողոքող առևտրականների խնդիրը: Պատգամավորը փորձում էր հասկանալ, թե արդյոք կառավարությունը զիջումների գնալու է, թե ոչինչ չի փոխվելու' հիշեցնելով, որ բազմաթիվ առևտրականներ ողջ օրը կանգնում են ԱԺ-ի դիմաց, և այդ պարագայում բարեփումը դառնում է «չարափոխում»:
Վահան Բաբայանին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Պարոն Բաբայան, Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է, ուլտիմատումներով... նախ, օրենքը հետաձգողը դուք եք, մենք չենք... դա մեկ: Երկրորդը' խոսելու այդ ոճը դուք փողոցից եք բերել այս դահլիճ. այն ժամանակ, երբ ես Աժ-ում էի, այդպիսի ոճ չկար: Մենք գործընկերներ ենք, և մեր բոլորի գործը հանրությանը բացատրելն է: Մենք այս օրենքը մինչև ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք արել Աժ-ում ՀԿ-ների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներկայությամբ:
Հիմա այդ ոճը' պահանջատիրական, փողոցով մեզ ահաբեկելը և նմանատիպ բաները այս դահլիճում քննարկելու բան չեն: Կարող եք տանել որտեղ ձեզ հարմար է, այդտեղ քննարկել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը չի գնալու փոքր և միջին ձեռնարկատերերին ստուգելու: Կստուգվեն ապրանք արտահանող խոշորները՝ պարզելու՝ փաստաթղթավորում կա, թե չկա: Նրա համոզմամբ՝ նրանց խնդիրը խոշոր ձեռնարակատերերն են, որպեսզի բերեն հարկային դաշտ:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորին մեղադրեց նաև ֆեյսբուքյան էջերում սուտ ինֆորմացիաներ տարածելու մեջ և հորդորեց լինել անաչառ. «Հիմա դուք մի ճամբար եք ընտրել' իբր դուք էս ժողովրդի մասին մտածող եք, մենք՝ չէ: Սխալվում եք, մենք ենք մտածողը, դուք չեք»:
Հովիկ Աբրահամյանը նկատում է նաև, որ երկրում իշխանափոխություն չի լինելու. «Ի՞նչ եք ուզում... որ երկրում հեղափոփոխությո՞ւն լինի... չի լինելու դա: Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում... ձեր ցանկությունն ի՞նչ է»: