Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ են քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը' դեմ:

 

Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը' մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում:

 

Մանդատին կողմ են արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները: