Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Թուրքիա-Իսլամական պետություն հարաբերությունների համատեքստում խիստ կարևորում է քրդական գործոնը:

 

Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետն ընդգծեց, որ դա կարևոր է այնքանով, որ Իսլամական պետության գոյությունն այս պահին ձեռնտու է Թուրքիայի համար քրդական հարցի տեսանկյունից: «Իսլամական պետությունն ու քրդերն այս պահին ընդհարման մեջ են, իսկ սա բխում է Թուրքիայի շահերից, քանի որ նրանք ցանկանում են թուլացնել տարածաշրջանի քրդերի դիրքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պետրոսյանը:

 

Նա հիշեցրեց, որ Թուրքիան բավական երկար ժամանակ խուսափում էր աջակցել Իսլամական պետությանը հարվածներ հասցնելու գործընթացին. Թուրքիային պետք էր, որպեսզի Իսլամական պետությունը և քրդերը բախումներ ունենան, ինչը կթուլացնի երկու կողմերին էլ: «Սա միանշանակ բխում է թուրքերի շահերից և, խուսափելով հարվածել Իսլամական պետությանը, Թուրքիան առաջ էր տանում իր շահերը»,- ընդգծեց թուրքագետը:

 

Միևնույն ժամանակ, թուրքագետը նկատեց, որ Իսլամական պետության ակտիվացումը չի կարող հանգեցնել Թուրքիայի քրդերի անկախացմանը: «Այս դեպքում, կարծում եմ, այդ նախադրյալը չկա: Միգուցե Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության համար որոշակի հիմքեր ստըեղծվել են անկախություն ունենալու տեսանկյունից: Սակայն չենք կարող ասել, որ ներկայիս իրավիճակը ուղղակի կհանգեցնի Թուրքիայի քրդերի անկախացմանը»,- ընդգծեց նա:

 

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ քրդական պետության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այս պահին նախադրյալներ չկան դրա համար: Նրա խոսքով՝ քրդերը տարիներ շարունակ երազում են անկախության և պետություն ունենալու մասին, սակայն տարածաշրջանի և ընդհանրապես միջազգային կարևոր խաղացողների մեջ նման ցանկություն չի նկատվում: