Կանադայի Սասքաչևանի նահանգի կենտրոնական տարածաշրջանում բեռնատար գնացքը դուրս է ընկել ռելսերից ու սկսել է այրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CN փոխադրող ընկերության ներկայացուցիչ Ջիմ Ֆինիին, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Գնացքում եղել են երկու հոգի, նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա: Ֆինին հավելել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Վեդինա քաղաքի մոտ՝ Սասքաթուն քաղաքից (նահանգի երկրորդ խոշոր քաղաքը) 190 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ ընթանում է դրա բնակիչների մասնակի տարահանումը: Բնակչության շրջանում նույնպես տուժածներ չկան:
Ռելսերից դուրս է եկել ապրանքատար շարժակազմի 100 վագոններից 26-ը: Ականատեսների խոսքով՝ ցիստեռնների պայթյունից հետո 12 վագոն սկսել է այրվել, ըստ որում հրդեհի բոցը հասնում է 30 մետր բարձրության:
CN ընկերությունում ճշտել են, որ ռելսերից դուրս եկած ցիստեռններից վեցում փոխադրվում էին թունավոր նյութեր՝ աղաթթու և նավթաթորվածք:
Արտակարգ պատահարի շրջանում փակ են մի քանի ավտոմոբիլային ճանապարհներ: Հրշեջները փորձում են տեղափակել բռնկումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: