Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այս երկրում (նկատի ունի Հայաստանը-խմբ.) վերջին շրջանում անհանգիստ է. անցկացվում են բողոքի ակցիաներ՝ տարբեր պահանջներով: Այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ-ում «Նեզավիսմայա Գազետա» թերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հարցազրույցն ամբողջությամբ Լուրեր.com-ը թարգմանաբար ներկայցնում է ստորև.
- Վերջին շրջանում Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Երևանում նախատեսված են հանրահավաքներ: Ի՞նչ է սա, նոր «մայդա՞ն»:
- Սա պարզապես այն բանի ապացույցն է, որ մարդիկ հոգնել են վատ կյանքից, անարդարություններից, որ տիրում են երկրում: Միաժամանակ՝ երկրում ձևավորվել է զգալի քաղաքական կոնսոլիդացիա, որն ընդունակ է ձևավորել գրագետ քաղաքական օրակարգ:
Դեռևս հինգ-վեց տարի առաջ ես զգուշացրել եմ, որ երկրում տարվում է սխալ տնտեսական քաղաքականություն: Բայց իմ ձայնը հասցեատիրոջը չհասավ, և այսօր, ցավոք, մենք ունենք այն, ինչ ունենք: Էապես տուժել է փոքր և միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն: Որպես վերն ասվածի հետևանք՝ ունենք աղքատության մակարդակի աճ, արտասահմանյան ներդրումների կտրուկ անկում, Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական դանդաղում:
Այս պայմաններում, իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերը, որոնք առավել ազդեցիկ են, ձևակերպել են 12 կետից բաղկացած պահանջների փաթեթ. սա ճանապարհի միայն սկիզբն է:
Իշխանությունը բավականին երկար ժամանակ ուներ, որպեսզի ճիշտ արձագանքեր ու սկսեր այդ պահանջների իրագործումը: Դա նաև լավ հնարավորություն էր՝ քաղաքական ուժերի հետ ուղիղ երկխոսություն սկսելու: Դա չարվեց: Ի՞նչ է մնում անել ժողովրդին այս պայմաններում: Օգտագործել իր սահմանադրական իրավունքը և պահանջել այս պարզ պահանջների իրականացումը:
Իմ կարծիքով՝ այսպես կոչված մայդանները մարդկանց հաճախ տառապանք ու ցավ են բերում: Ես այդ ճանապարհին դեմ եմ: Բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Դա նույնպես կորուստների է բերում: Եվ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այդ կորուստները կարող են շատ ցավոտ լինել:
- Ցավոք սրտի, մենք նաև գիտենք, որ հիմնական կարգախոսները հետխորհրդային «մայդաններում» հակառուսական հռետորաբանությունն է լինում: Որպես ամենախոշոր ոչ իշխանական ուժի ղեկավար՝ Դուք կարո՞ղ եք բացառել զարգացման նման սցենարը:
- Վստահ եմ՝ Դուք երբևէ չեք լսել ու հետագայում էլ ո՛չ ինձնից, ո՛չ իմ թիմակիցներից երբևէ չեք լսի հակառուսական որևէ հայտարարություն: Այս կեղծ գաղափարն արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ: Ես արդեն նկարագրեցի երկրում տիրող իրավիճակը: Մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, և դա որևէ կերպ կապ չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ:
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման առարկա: Ավելի քան մեկ միլիոն իմ հայրենակից մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է Ռուսաստանի տարածքում: Իմ բիզնես գործունեության արդյունքում ես սերտ կապեր եմ հաստատել Ռուսաստանի որոշակի գործարար շրջանակների հետ: Միաժամանակ, ուզում եմ նաև նշել, որ ես կանգնած եմ եղել «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի ակունքներում:
Մյուս կողմից՝ պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում այսօր միլիոնավոր հայեր բնակվում նաև արևմտյան երկրներում: Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դառնա մի կենտրոն, որը կմիավորեր նրանց բոլորին:
Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես հետևյալ բանաձևի կողմնակիցն եմ. Հայաստանին պետք է ուժեղ դաշնակից՝ ի դեմ Ռուսաստանի: Սակայն այս բանաձևն ունի նաև հակառակ կողմը. Հարավային Կովկասում Ռուսաստանին նույնպես անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ և դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմ Հայաստանի: Ես պնդում եմ, որ սա միակ ճիշտ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա՝ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Որքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ավելի խորը և ամուր կդառնան հայ-ռուսական հարաբերությունները:
- Խոսելով բավականին լուրջ խնդիրներից՝ Դուք, այնուամենայնիվ, Ձեր կանխատեսումներում դրական եք տրամադրված:
- Ես միանշանակ դրական եմ տրամադրված: Ես պարզապես տեսնում եմ, որ խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել կարճ ժամանակում:
Ես կուզեի ավելացնել, որ հայ ժողովուրդն օժտված է մարդկային ստեղծարար ռեսուրսով: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս այսօր ավելի շատ հայեր է ապրում, քան երկրի սահմաններից ներս: Հայաստանը ամբողջ աշխարհով մեկ ցրված հայերի հայրենիքն է: Գրագետ մոտեցման և ճիշտ գործողությունների դեպքում, մենք կարող ենք այդ ողջ հսկայական ռեսուրսն օգտագործել Հայաստանի բարգավաճման համար: Երկրները, որոնք չունեն նավթ, գազ, ելք դեպի ծով, արդյունավետ կառավարման դեպքում կարող են լավ տնտեսական և քաղաքական արդյունքների հասնել: Պարզապես մենք մեր կառավարման համակարգով, քաղաքական և սոցիալական ինստիտուտների մակարդակով պետք է միշտ մի քայլ առաջ լինենք: Պատմություն ցույց է տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է աշխատել և ստեղծել: Մարդկանց համար պետք է ընդամենը ստեղծել համապատասխան պայմաններ և առողջ մրցակցության մթնոլորտ:
- Դուք հանդիսանում եք հաջողակ գործարար, ի՞նչը Ձեզ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ: Դուք ինքներդ հայտարարել եք, որ բառի դասական իմաստով Ձեզ չեք համարում քաղաքական գործիչ:
- Այո, ես բավականին հաջողակ եմ բիզնեսում, դրա հետ մեկտեղ ստեղծել եմ Հայաստանում ամենահայտնի բարեգործական հիմնադրամը, և հանգիստ կարող էի ապրել միայն իմ ընտանիքի համար: Սակայն ինձ համար դժվար է ստվերում մնալ, երբ տեսնում եմ, որ իմ ժողովուրդը տուժում էքաղաքական գործիչների սխալների պատճառով: Սա իմ դիրքորոշումն է: Եվ դա բնական է. ես չեմ կարող անտարբեր մնալ իմ երկրի, իմ ժողովրդի հանդեպ: Եվ ես արդեն հայտարարել եմ, որ երբ տեսնեմ, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղով, ընթանում է տնտեսական առողջացման գործընթաց, և հասարակ մարդկանց կյանքն աստիճանաբար դեպի լավն է փոխվում, ապա պատրաստ կլինեմ թողնել քաղաքական դաշտն, այսպես ասած, ավելի դասական քաղաքական գործիչներին:
- Հայաստանի համար հաջողության ինչպիսի՞ բանաձև կառաջարկեք:
- Հասարակական և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, որը կբերի բազմակուսակցական իշխանության, որը ստացած կլինի իրական ժողովրդական մանդատ: Արդյունավետ կառավարում, արդար խաղի կանոններ բոլորի համար: Այս ամենն իրականանալի՞ է: Ես համոզված եմ, որ հաստատ: Ահա թե որտեղից է (ինչի վրա է հիմնված) իմ լավատեսությունը: