Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունը որոշ իմաստով բխում էր ռացիոնալ ընտրության անհրաժեշտությունից, որն իր մեջ պարունակում էր ոչ միայն զուտ տնտեսական բաղադրիչ, այլ նաև առկա էր անվտանգությանն տարրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը' մեկնաբանելով այսօր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը:

 

«Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորները վաղուց հայտնի են: ԵՏՄ-ն ներառում է փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլն: ԵՏՄ-ն սկզբունքորեն հանդես է գալիս որպես տնտեսական համագործակցության և ինտեգրման կառույց: Ինտեգրման հաջողությունը պայմանավորվելու է անդամ պետությունների պատրաստակամության և փոխադարձ ըմբռնման շնորհիվ:

 

Կողմերն ընկալումով են մոտենում փոխադարձ բարձրացված հարցերին և առաջնահերթությունններին. այս իմաստով բավակա նին դրական կարելի է դիտարկել այն կետը, որ որոշումները կազմակերպության մեջ պետք է ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով»,-նշեց նա:

 

Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթղթերը: Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Մինսկում, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում: ԵՏՄ լիիրավ անդամակցության Հայաստանի պայմանագիրը ստորագրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նա երախտագիտություն հայտնեց ԵՏՄ մյուս անդամ-պետություններին' քաղաքական աջակցության համար եւ ընդգծեց, որ Հայաստանը պատասխանատվությամբ կվերաբերվի իր անդամակցությանը: Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ ԵՏՄ անդամները իրենց խորհրդարաններում մինչեւ տարեվերջ կվավերացնեն պայմանագիրը, որպեսզի, Հայաստանը եւս հունվարի 1-ից դառնա լիիրավ անդամ: