Հայտնի հաքերային «Անոնիմուս» խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ թուրքական դիրքորոշումից ելնելով' վերսկսելու է կիբեր-հարձակումները Թուրքիայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

«Անոնիմուսի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում Քոբանիի բնակչությանը: Հաքերային խմբավորման անդամները նշել են, որ մինչ քաղաքը պատերազմական դրության մեջ է, շատ երկրներ պարզապես հետևում են զարգացումներին առանց որևէ քայլ ձեռնարկելու:


Անդրադառնալով թուրքական գործոնին' «Անոնիմուսը» մեղադրել է Թուրքիային իսլամիստ ահաբեկիչներին զենք ու զինամթերք մատակարարելու մեջ: «Թուրքիայի իրավապահ մարմինները մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Քոբանիին օգնելու փոխարեն' սկսեցին բախվել թուրքաբնակ քրդերի հետ, նրանց դեմ արցունքաբեր գազ և բռնություն կիրառեցին:


Ցուցարարները միայն աշխատում էին աջակցել քուրդ մարտիկներին, ովքեր պայքարում են ԻԼԻՊ-ի առաջխաղացման դեմ: Նախագահ Էրդողանը ստիպված է բացահայտել, թե ինչու է արգելել Թուրքիայի սահմանին աշխատող լրագրողներին Քոբանիի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչու է նրանց ձերբակալել և հարձակվել նրանց վրա»,- ասվում է հաքերների տարածած հաղորդագրության մեջ:

«Անոնիմուսը» հայտնել է, որ իրենք արդեն սկսում են գործողություններ Թուրքիայի դեմ: