Թուրքիայի վարչապետի գրասենյակը հերքել է տեղեկություններն այն մասին, թե թուրքական կողմը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ գործելու համար Ինջիլիքի ռազմաբազան տրամադրելու հարցում ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության է եկել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Վարչապետի գրասենյակից արված պարզաբանման համաձայն' Ինջիրլիքի ռազմաբազայում ամերիկյան ներկայությունը ոչ թե նոր, այլ նախկին համաձայնությունների արդյունքն է: Չհերքելով այն, որ տեղական ռազմաբազաներում ԱՄՆ զինվորականները ռազմական կրթություն կտան սիրիացի ընդդիմադիրներին' վարչապետի գրասենյակը չի հստակեցրել, թե որտեղ են դասընթացները լինելու:

 

 

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հենվելով ամերիկյան աղբյուրների վրա, հայտնել էին, թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն օգտագործելու է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան: ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն' այդ մասին Վաշինգտոնն ու Անկարան արդեն համաձայնության են եկել: