«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դիրկ Վան դեր Մաելենի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամա­կցելուն և տարածաշրջանում առկա իրավիճակին:

 

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամար­տության խաղաղ կարգավորմանը, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի' որպես հարցի կարգավորման միակ ձևաչափի դերը, ինչպես նաև ընդգծել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների' տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կարևորությունը:

 

Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականությանը, ԼՂ հիմնահարցի կարգավորման համար առկա ձևաչափի փոփոխման փորձերին ու նոր պատերազմ սանձազերծելու արկածախնդրությանը' նշելով, որ այսպիսի վարքագիծը անընդու­նելի է Հայաստանի համար:

 

Հարցի կապակցությամբ բելգիացի պատգամավորը նշել է, որ հանդիսանալով ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակության անդամ, բացասաբար է վերաբերվում վերոնշյալ հանգամանքին, ինչպես նաև բելգիական պատվիրակության և Բելգիայի Խորհրդարանի որոշ անդամների ադրբեջանամետ դիրքորոշմանն ու հակվածությանը ադրբեջանական լոբբինգին:

 

Պարոն Դիրկ Վան դեր Մաելենը նաև հավելել է, որ բելգիացի շատ խորհրդարանականներ տեղյակ չեն ԼՂ հիմնահարցի բովանդակությանն ու փաստերին, հետևաբար առաջնորդվում են այն սկզբունքով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը հարցի միակ լո ւծումն է: Այս կապակցությամբ Արտակ Զաքարյանը պատգամավորին ներկայացրել է հարցի էությունն ու պատմությունը, հույս հայտնել ստանալ բելգիական կողմի աջակցությունը ԼՂ հիմնահարցում առավել հավասարակշռված մոտեցում դրսևորելու գործում' ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման համատեքստում ու համահունչ նաև ԵՄ տեսակետին:

 

Անդրադառնալով Եվրասիական տնտես­ական միությանը ՀՀ անդամակ­ցու­թյանը' Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ի ինտեգրացիոն այս որոշումը մեծապես պայմանավորված է պետության տնտեսական և անվտանգության շահերով: Արտակ Զաքարյանը հավելել է, որ Հայաստանը եղել և շարունակում է մնալ երոպական արժեքներին հանձնառու պետություն ու պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում:

 

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողո­վի նախագահը պատգամավոր Վան դեր Մաելենին հրավիրել է Հայաստան' 2015թ. ապրիլին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին: