Հոկտեմբերի 17-ին Ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցությունը:

 

Մինչև խորհրդակցությունը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և նրանց ուղեկցող անձինք Ոստիկանության զորքերի վարչական շենքում ծանոթացան ծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, գնահատեցին Զորքերի հատուկ տեխնիկայի և միջոցների պատրաստականության վիճակը, շրջեցին տարածքում:

 

Խորհրդակցության սկզբում հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը ներկայացրեց ստուգման նպատակներն ու խնդիրները:

 

Տեսչական ստուգումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը:

Ստուգման արդյունքներով՝ Ոստիկանության զորքերի և ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվեց բավարար՝ նշելով նաև արձանագրված թերություններն ու բացթողումները:

 


Տեղի ունեցավ հրատապ խնդիրների առարկայական քննարկում, կոնկրետ առաջարկներ արվեցին թերացումները վերացնելու, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատրաստականությունը որակապես այլ վիճակի բերելու, աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ:
Տեսչական ստուգման արդյունքներին անդրադարձավ և իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

 


Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ հետևողական և խստապահանջ ստուգումների համար: