Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 18-ին խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ' մարտական դիրքերը պաշտպանելու: Խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:
«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը հիշեցրել է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը որքան կազմակերպված և պատվով կատարեց իր խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցել է, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:
Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն է մաղթել.

«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը: