Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը որեւէ ակնկալիք չունի Փարիզում հոկտեմբերի վերջին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Նա կարծում է, որ փարիզյան հանդիպումն էլ անարդյունավետ է լինելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը փաստում է, որ հանդիպումներն անարդյունավետ են, քանի որ հակամարտող պետություններից Ադրբեջանը որեւէ կերպ չի նպաստում բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանն ու անընդհատ իրավիճակը շեղող ու անկայուն քաղաքականություն է վարում:
«Ավելի շատ ակնկալիքներ պետք է ունենալ ոչ թե Երեւանից, այլ Բաքվից, քանի որ Ադրբեջանն է սահմանին լարվածություն առաջացնում եւ հատկապես դիպուկահարների միջոցով իրավիճակն ապակայունացնում: Երեւանի քաղաքականությունն այս առումով հասկանալի է, Բաքվինը' անհասկանալի եւ վտանգավոր»,- ասաց Կիրակոսյանը:
Խոսելով Ադրբեջանի գործողությունների մասին' թե արտաքին ոլորտում, թե ներքին կյանքում, Կիրակոսյանը խոստովանում է, որ որեւէ քաղաքագետի համար դժվար է վերլուծել կամ հասկանալ Ադրբեջանի քաղաքականությունը, քանի որ այն, անիմաստ վտանգներ ստեղծելով, իրավիճակն ապակայունացնում է եւ ընդհանուր առմամբ գործում է անարդյունավետ:
Կիրակոսյանը հիշում է, որ այս տարվա հունիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Նահապետյանի եւ Թեւան Պողոսյանի հետ այցելել է Բաքու եւ այն, ինչ տեսել է, մտահոգել է թե քաղաքագետին, թե պատգամավորներին: «Մենք տեսանք անկայունություն, բազմաթիվ խնդիրներ, որ կար այդ երկրում, եւ համոզվեցինք, որ Ադրբեջանը վտանգավոր պետություն է ոչ միայն Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ միջազգային համայնքի համար: Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանից չի կարելի սպասել որեւէ լուրջ գործողություն, որեւէ մտածված կամ մշակված քայլ, քանի որ այնտեղ ա նհասկանալի իրավիճակ է, անկայունություն եւ ոչ արդյունավետ կառավարում»,- ասաց Կիրակոսյանը: Նրա գնահատմամբ, ակնհայտ է, որ դիվանագիտական բանակցային գործընթացքում որեւէ լուրջ փոփոխություն չի կատարվում: Այս տարի նախագահներն արդեն երրորդ անգամ են հանդիպում, բայց իրավիճակային որեւէ փոփոխություն կարծես թե չկա:
Հոկտեմբերի վերջին Փարիզում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Երկու երկրների նախագահների հանդիպումը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով մայիսին Երեւան եւ Բաքու կատարած պետական այցերի ժամանակ հայտարարել էր, որ կցանկանա Փարիզում քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր եւ այդ առնչությամբ հասնել լուրջ արդյունքների: Երկու երկրների նախագահների հանդիպումը պատրաստելու նպատակով նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան, եղել Բաքվում եւ Երեւանում, հանդիպել ե րկու երկրների նախագահներին եւ արտաքին գործերի նախարարներին: Մինչ այս, տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են: Առաջին հանդիպումը կայացել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, երկրորդը' Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: