Հայ և իրանցի գործարարները քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացած հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցող իրանցի գործարարների խմբում ընդգրկված են եղել թռչնաբուծության, անասնապահական, գյուղատնտեսական ապրանքների արտադրության, շինարարական, ինչպես նաև ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, պալատի կողմից գործարար առաջարկություններ է արել նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը՝ մասնավորապես շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է տարանցիկ լուջ միջանցք դառնալ Իրանի համար։ Այդ խնդրի վերաբերյալ դրական կարծիք է հայտնել նաև Մոսկվայի բիզնես դպրոցի պրոռեկտոր Իվան Պանովը։

 

Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլի նահանգի և Հայաստանի Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հանդիպումը կազմակերպել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատը։