Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հրաժարական տված պատգամավոր Իդրիս Բալը հայտարարել է, որ պատրաստվում է նոր քաղաքական կուսկացություն ստեղծել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Իդրիս Բալը արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հայտնի կողմնակիցներից է:

 

Թուրքական մամուլն այդ առնչությամբ հայտնել է, որ ստեղծվող կուսակցությունը ծառայելու է Ֆաթուլլահ Գյուլենին:

 

Թուրքիայում անցյալ դեկտեմբերին անցկացված «կաշառքի գործողությունների» հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո այն ժամանակ երկրի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ առկա հակամարտությունն ավելի է խորացել: Այն ժամանակ Էրդողանին հաջողվեց մեծ դժվարությամբ դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ դատախազության կողմից կառավարության մի շարք անդամների հետ հետապնդվում էին նաեւ իր որդին, փեսան ու դուստրը: Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ «գյուլենականները», որոնք թափանցել են երկրի կառավարման շրջանակներ, այդ գործողությամբ ցանկանում են տապալել իր իշխանությունը:

 

Նշվել էր, որ Էրդողանի Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում' ԱԶԿ-ում արմատներ ձգած «գյուլենականները» չեզոքացվելու են: ԱԶԿ-ի կարկառուն դեմքերից մեկի' Իդրիս Բալի հրաժարականից երեւում է, որ այդ գործընթացին արդեն մեկնարկ է տրվել:

 

«Գյուլենականների» կուսակցություն ստեղծելու մտադրությամբ ավելի վաղ հանդես էր եկել թուրք պրոֆեսոր Աբդուռահման Քարսլըն: Նա անգամ հայտնել էր, որ նորաստեղծ կուսակցությունը պետք է կոչվի «Կենտրոնական» (Merkez Parti):

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:

 

Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմակ ան հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, ինչի պատճառով էլ նա 1999 թվականին ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիայի նահանգում: Գյուլենը համարվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ եւ Ֆաթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ: