Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գործադիր մարմնի նիստում Հանրապետական կուսակցությունը Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ ի Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել է իր դիրքորոշումը և վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

 

Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթացի բացակայությունը կախված է միայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից: «Ադրբեջանն է մշտապես դրսևորել ապակառուցողական դիրքորոշում, Ադրբեջանն է պարբերաբար հանդես գալիս ռազմական հռետորաբանությամբ և խոսում հակամարտության ռազմական լուծման մասին»,- նշեց Շարմազանովը:

 

Նա նկատեց, որ որքան կառուցողական լինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան բանակցություններում առաջընթաց կնկատվի: «Պետք է նշեմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների անմիջական մասնակցության բանակցային գործընթացում էական առաջընթաց ակնկալել չենք կարող»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: