Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի ավարտված հանրահավաքի ընթացքում երեք քաղաքական ուժերի առաջնորդերի ելույթները ցույց տվեցին, որ եռյակը դեռևս միասնական օրակարգ չունի: Թեև հանրահավաքից առաջ եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր առիթներով պնդում էին, որ իրենք աշխատում են միասնական օրակարգի ձևավորման վրա և հույս էին հայտնում, որ մինչև հանրահավաքը պատրաստ կլինի հետագա գործողությունների միասնական ճանապարհային քարտեզը, հանրահավաքի ընթացքում պարզ դարձավ, որ միասնական օրակարգ դեռևս չկա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' երեք քաղաքական ուժերի լիդերներից առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ընդգծեց, որ Հայաստանում ժողովրդական մեծ շարժում է սկսվել, որը մեծ հեռանկար ունի: ՀՀ նախկին նախագահը կոչ արեց ուշադրություն չդարձնել իրենց ընդդիմություն ներկայացնող որոշ քաղաքական ուժերի վրա, որոնք կատաղի պայքարի են դուրս եկել եռյակի դեմ՝ քննադատելով նրա գործողությունները:
«Հանրահավաքի բազմամարդությունը ցույց է տալիս, որ երկրում սկսվել է մեծ հեռանկար ունեցող ժողովրդական շարժում, և ես կո չ եմ անում ուշադրություն չդարձնել իրենց ընդդիմություն հռչակած, լուսանցքային որոշ քաղաքական ուժերի հայտարարությունների վրա, որոնք մեր դեմ կատաղի պայքարի են դուրս եկել, ավելի կատաղի պայքարի, քան իշխանությունները»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով եռյակի կողմից միասնական ճանապարհային քարտեզի մշակմանը և հանրության առջև դրա հրապարականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ դա վտանգավոր քայլ կլինի, քանի որ պայքարի դուրս եկած քաղաքական ուժը երբեք իր մարտավարությունը չպետք է հրապարակի:
«Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ երբ բացահայտում ես տակտիկան, դա դադարում է տակտիկա լինելուց: Ես համոզված եմ, որ այստեղ հավաքվածները ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԺԿ-ի համակիրներն են և մի վայրկյան չեն կասկածում, որ այդ կուսակցությունները շարժումը սխալ ճանապարհով են տանելու»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հավաքվածներին խնդրեց իրենց տալ շարժման հետ կապված հետագա ծրագրերն իրենց վրա վերցնելու իրավասություն, ինչին հավաքվածները դրական արձագանքեցին:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ դա անշրջելի իրողություն և կայացած փաստ է: ՀՀ առաջին նախագահն ընդգծեց, որ հարկավոր է չհուսահատվել և համատեղել ջանքերը' օգտագործելով ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները, լծվել երկրի շենացման գործին: Իր ելույթի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանն անցավ հավաքվածներին ուրախացնելու գործին՝ հիշելով 1988թ. համազգային շարժման ժամանակ տեղի ունեցած զվարճալի դեպքեր:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց եռյակի անդամ քաղաքական ուժերի միասնությունը՝ ընդգծելով, որ հարթակում հավաքվածները ևս պետք է պահանջեն եռյակի միասնությունը: Նա ընդգծեց, որ շարժման վերջնական խոսքը լինելու է ժողովրդինը, և ժողովուրդն է որոշելու, թե որն է լինելու Հայաստանի հաղթանակը: «Հայաստանում հեղափոխության կարիք կա՝ մտքի, հոգու, ազգի, քաղաքացու հեղափոխության: Դա լինելու է օրինական և խաղաղ հեղափոխություն»,- նշեց Հովհաննիսյանը:
Չնայած միասնականության կոչերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը ընդգծելով, որ այդ հարցում համաձայն չէ ՀԱԿ առաջնորդի դիտարկումների հետ՝ նկատելով սակայն, որ հարգում է նրա դիրքորոշումը: «Մենք այս թեմայով այսօր չպետք է խոսեինք, սակայն քանի որ առաջին նախագահը խոսեց, ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել: Մենք դեմ ենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն ես հարգում եմ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, որը նա ազատ արտահայտելու իրավունք ունի:
Ես պետք է ասեմ, որ ժամանակին մենք կողմ էինք եվրաինտեգրմանը, սակայ ն հիմա փոխել ենք մեր դիրքորոշումը, քանի որ համոզվել ենք, որ բոլորն էլ իրենց շահն են հետապնդում և կարծում ենք, որ Սահմանադրական և ինքնիշխան Հայաստանը պետք է հավասար հարաբերություններ հաստատի բոլոր պետությունների հետ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական երկու առաջնորդների հայացքների նման հակասությունը վկայում է ոչ թե պառակտման, այլ իրական բազմակարծության և ժողովրդավարության, սեփական դիրքորոշումն արտահայտելու ազատության մասին:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ հենց այս պահից Ազատության հրապարակում նստացույց անելու հարցը քվեարկության դնելը հանձնում է Գագիկ Ծառուկյանին՝ հույս հայտնելով, որ վերջինս կգնա այդ քայլին:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսեց երկրի առջև ծառացած մարտահրավերներից՝ արտագաղթ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, աղքատություն: Ծառուկյանն անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներին՝ ևս մեկ անգամ պնդելով այն միտքը, որ իշխանություններն այդ գործընթացը սկսել են կրկին վերարտադրվելու համար: ԲՀԿ առաջնորդը ևս ընդգծեց շարժման ընթացքում միասնականության և մարդկանց մեկ գաղափարի շուրջ համախմբելու կարևորությունը: «Սիրելի՛ ժողովուրդ, հաղթանակը ձերն է լինելու:
Այսօր այստեղ մեծ բազմություն է հավաքված, իսկ նրանք, ովքեր հիմա մեզ հետ չեն, վստահ եմ՝ միանալու են մեզ, քանի որ վերջնական խոսքը ժողովրդինն է լինելու: Մենք որևէ անօրինական բան չենք անում և չենք անելու: Մենք անում ենք այն, ինչ մարդու իրավունքների սահմաններում է և պետք է վերջնական հաղթանակի հասցնենք մեր պայքարը: Մենք սկսել ենք այս գործը և պետք է ավարտին հասցնենք, որի համար չպետք է շտապենք և հրատապ որոշուներ չպետք է կայացնենք: Մենք պետք է գնանք միայն նպատակային քայլերի»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նկատեց, որ իրենք մայդանի կոչ չեն անում, սակայն մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Նա դիմեց նաև Սփյուռքի հայությանը՝ կոչ անելով միանալ իրենց սկսած շարժմանը՝ Սփյուռքի տնտեսական ներուժը Հայաստան ուղղելու եղանակով: «Հայաստանն ունի ձեր օգնության կարիքը, սիրելի սփյուռքահայեր: Ներգրավեք ձեր ներուժն այստեղ, իսկ ես պատրաստ եմ դառնալ այդ գործի կազմակերպիչը»,- նշեց նա:
Նա տեղեկացրեց, որ այսօրվանից սկսած' իրենք հանրապետության տարածքում ձեռնամուխ են լինում սկսված շարժումը համակարգող շտաբեր հիմնելու գործընթացը՝ նկատելով որ ցանկանում է կազմակերպչական և կառուցվածքային լուծումներ տալ սկսված շարժմանը:
Անդրադառնալով Ազատության հրապարակում նստացուցյ անելու հարցը քվեարկության դնելու նախաձեռնությանը, որն առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ այսօր ոչ մի նստացույց էլ չի լինելու: Նա նշեց, որ այդ հարցն իրենք եռյակում կքննարկեն, և, եթե լինի դրա կարիքը, հաջորդ հանրահավաքին այդ հարցը կբարձրացնեն: Հանրահավաքն այսքանով ավարտվեց, որին հաջորդեց մասնակիցների երթը:
Երթի մասնակիցներն առանց միջադեպի Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան, որից հետո Հանրապետության հրապարակով կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Եռյակի հերթական հանրահավաքն ավարտվեց, իսկ հաջորդ հանրահավաքի անցկացման ժամկետների վերաբերյալ որևէ խոսք չեղավ: