Ես հուսախաբված եմ այն տեղեկություններով, որ ադրբեջանական դատարանները երկարացրել են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ Ինթիգամ Ալիեւի կալանման ժամկետները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը' մեկնաբանելով իր Բաքու կատարած այցի արդյունքները:

 

«Այդ բոլոր թեմաները ես քննարկել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազ Գարալովի եւ արդարադատության նախարար Մամեդովի հետ, ընդգծել Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը' հաշվի առնելով վատ առողջական վիճակը, սակայն, ամեն ինչ հակառակը կատարվեց», -ասել է եվրահանձնակատարը:

 

Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցությունների ընթացքում խոսել է իրավական ասպեկտների մասին, իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու չհիմնավորված լինելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' Ադրբեջանի գծով որոշումների ու դրանց ի կատար ածելու անհրաժեշտության մասին: