Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին առայժմ ձեռնպահ մնալ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումից և համագործ ակցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:
Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծով, որը պետք է քննարկվի կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում, առաջարկվում է տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների համար որպես ակցիզային հարկով հարկման բազա սահմանել միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը, նվազեցնել տեղական արտադրության խաղողի հումքից արտադրվող ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ բարձրացնելով տեղական արտադրության էթիլային սպիրտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ վերոնշյալ առաջարկությունների ընդունման արդյունքում կնվազեն խաղողի հումքից ստացված տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների գները, ինչն էլ կնպաստի խաղողի արտադրության ծավալների աճին:
Ըստ գործադիրի' գինիների համար ակցիզային հարկի դրույքաչափերը 2002 թվականից չեն փոփոխվել, մինչդեռ գինիների շուկայական գներն անցած տասը տարվա ընթացքում էականորեն բարձրացել են: «Գտնում ենք նաև, որ ակցիզային հարկի դրույքաչափերի նվազեցումը չի կարող էականորեն փոխել ենթաակցիզային ապրանքների գները, և հետևաբար չի ավելացնի խաղողի հումքից տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների իրացման և խաղողի արտադրության ծավալները, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողի հումքից արտադրված ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ գինիների, հիմնական մասի շուկայական գնի մեջ ակցիզային հարկի մասնաբաժինը չափազանց փոքր է:
Մասնավորապես, գինիների համար ներկայումս ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ, ինչը նշանակում է, որ ակցիզային հարկն ապրանքի շուկայական գնի մեջ կազմում է առավելագույնը 5 տոկոս: Այսինքն' նախագծով առաջարկվող ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցման արդյունքում գինիների շուկայական գները, մեկ շիշ գինու հաշվարկով, կնվազեն առավելագույնը 15 դրամով, ինչը էական խթան չի կարող հանդիսանալ գինու սպառումը խթանելու համար:
Տեղական արտադրության ոգելից խմիչքների համար որպես ակցիզային հարկով հարկման բազա միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը սահմանելը անհնարին կդարձնի ակցիզային հարկով հարկվող օբյեկտների նկատմամբ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթաակցիզային ապրանքի բացթողնման գնի մեջ ներառվում են ապրանքի գինը ձևավորող բազմաթիվ տարրեր, օրինակ՝ ապրանքային նշան, շշի արժեք, ձեռքբերված լիցենզիաների համար կատարված ծախսեր, ամորտիզացիոն մասհանումներ և այլ նյութական ու ոչ նյու թական ծախսեր»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկը կիրառել տեղական արտադրության ապրանքի միայն բուն խմիչքի նկատմամբ, մինչդեռ, ներմուծված ապրանքի դեպքում փոփոխություն չի կատարվում, ինչը գինիների և խմորման ենթարկված այլ ըմպելիքների դեպքում կհանգեցնի տեղական արտադրության ապրանքի համեմատությամբ ավելի բարձր ակցիզային հարկի գանձման:
«Վերջինս կհանդիսանա ներմուծված ապրանքի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում և կարող է դիտվել որպես տեղական արտադրության ապրանքի հովանավորչության միջոց: Հետևաբար, նախագիծը հակասում է ԱՀԿ Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) Հոդված 3-ով (Ազգային մոտեցում ներքին հարկման ու կանոնակարգումների մասով) Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին»,- նկատել է կառավարությունը:
Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի առաջին ստուգման շրջանակներում ՀՀ կառավարության մտադրությունների նախագծում ամրագրված է նաև ոգելից խմիչքների համար 2015 թվականից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հարցը, գործադիրը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: