Այսօր Գյումրին չունի մշակութային կենտրոն և դրա անհրաժեշտությունը անչափ զգացվում է: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնեց «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի տնօրեն Մարիաննա Մամյանը:

 

Շատ մշակութային և սպորտային ուսումնական կենտրոնների պես «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիան, որը ղեկավարում է Մարիաննա Մամյանը, այսօր գործում է դպրոցի տարածքում, որտեղ պայմանները բավարար չեն գործունեության ծավալման համար:

 

«Ունենալով հսկայական վաստակ ու արժեք, այդ քաղաքը երկրաշարժից ի վեր չունի իր մշակութային կենտրոնը: Մենք միայն խոսում ենք նրա մասին, որ Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է, 2013 թ. այն հռչակվել էր ԱՊՀ կենտրոնների մշակութային քաղաք, սակայն այդ կոչումները միայն բարձր հնչում են, և չկա այն վերաբերմունքը, որն անհրաժեշտ է», - ասաց Մարիաննա Մամյանը:

 

«Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի տնօրենը հավելեց, թե, գիտակցելով, որ պետությունը ներկա պահին այն հնարավորությունները չունի, որպեսզի ձեռք մեկնի մշակույթի բոլոր բնագավառներին, իրենք, մի շարք բարերարների օգնությամբ կազմակերպել էին համերգ' կենտրոնի ստեղծման համար հանգանակության նպատակով, ինչպես նաև ֆիլմի նկարահանում, որտեղ ցուցադրվում է ներկա պահին Գյումրիում ստեղծագործողներին աշխատանքային պայմանները:

 

Շիրակի մարզպետի խորհրդական, ականավոր մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ներկայցնելով Գյումրու պատմությունն ու ներդրումը հայ մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ երկրաշարժից հետո փլուզվեցին բոլոր մշակույթի կենտրոնները և կանգուն մնաց Աճեմյանի անվան թատրոնը, որտեղ այնուհետ կենտրոնացան շատ մշակութային օջախներ:

 

«Որքանով էլ արվեստը աստվածային և աստվածատուր է, բոլոր դեպքերում, նրան բազիս է պետք՝ նստատեղ: Իսկ արվեստի մարդիկ, ովքեր պետք է շարունակեն սերունդների գործը, պետք է դուռ ունենան, որպեսզի մտնեն: Մենք անհրաժեշտություն ունենք այնպիսի պայմանների ստեղծման, որպեսզի ժողովրդական նվագարանների համույթը չպատսպարվի հնացած շենքի մեջ, որտեղ ջեռուցումն իսպառ բացակայում է», - ասաց Հասմիկ Կիրակոսյանը:

 

Նա հավելեց, որ Կաթողիկոսի շնորհիվ նախկին Սպայի տանը, որտեղ գործում է Հայորդաց տունը, վերանորոգումից հետո ապաստան դարձավ Գյումրիում գործող՝ Հայաստանում միակ մարզային սիմֆոնիկ նվագախմբի համար:

 

«Մեկ անգամ մի պաշտոնյայի հարցրեցի, թե ինչու չեք ուշադրություն դարձնում թատրոններին, նվագախմբերին, մշակույթին ընդհանրապես: Ի պատասխան' նա տարավ մի տեղ, որտեղ երեխաներ և մեծահասակներ կային, ովքեր երկրաշարժի պատճառով հաշմանդամություն էին ստացել:

 

Այդ մարդը, մատնանշելով մի կաղացող տղայի, ասաց, որ նա չի կաղում, որովհետև հաշմանդամություն ունի, այլ այն պատճառով, որ պրոթեզը արդեն փոքր է, ցավեցնում է և գումար չկա նորը հայթհայթելու», - պատմեց Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:

 

Նա հավելեց, որ երկրում այնքան բացեր կան, որ արվեստը դարձել է ոչ առաջնային խնդիր, և կոչ արեց յուրաքանչյուրին, մանավանդ, ֆինանսական հնարավորություն ունեցող հայերին հանգանակություն անել, որպեսզի հնարավորություն լինի ոտքի կանգնեցնելու Հայաստանի մշակույթը: