Այսօր ԱԺ-ում՝ 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՄԻՊ-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանին, հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.
«Արդյո՞ք այս տարի պատրաստվում եք զեկույց ներկայացնել ՀՀ Զինված ուժերում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ: Կառավորության շենքի առաջ, պարբերաբար, բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում, իրենց հարցը լուծում չի ստանում: Այստեղ՝ ԱԺ-ում կարծում եմ, մենք պետք է ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով՝ որոշ ուսումնասիրություններ արվի այս հարցով: Բյուջեով նման գումար նախատեսվո՞ւմ է՝ զինված ուժերում հանցագործությունների վերաբերյալ հատուկ զեկույց կազմելու համար»,- հարցրեց Փոստանջյանը:
Ի պատասխան՝ ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ իրենք չունեն առանձին տողով նշված հատուկ զեկույցի և հատկապես թեմատիկ զինծառայողների իրավունքներով զեկույցի տպագրության համար անհրաժեշտ գումար. ունեն ընդհանուր տող՝ տպագրություն, տեղեկատվական նյութեր, և ցանկացած զեկույց մտնում է այդ ծախսերի տակ.
«Հիմիկվանից ասել՝ կունենանք արտահերթ զեկույց, թե ոչ, ես չեմ կարող, որովհետև դա Պաշտպանն է որոշում: Ըստ պաշտպանի մասին օրենքի՝ բացի տարեկան զեկույցից, եթե կա անհրաժեշտություն, կան մարդու իրավունքների համակարգային խնդիրներ, և պատկան մարմինները չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ այդ խախտումները վերացնելու համար, ապա Պաշտպանն իրավասու է հանդես գալ հատուկ արտահերթ զեկույցով: Դրա անհրաժեշտությունը մենք կքննարկենք, որովհետև այս ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի համար առաջնահերթություններից է»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ իրենք ունեն ոլորտային պատասխանատու՝ տեղակալ, ով զինծառայողների իրավունքների հարցերով է մասնագիտացված և մասնագետների մի ամբողջ բլոկ աշխատում է զինծառայողների հարցերով:
«Չեմ կարող ասել՝ կունենանք արտահերթ զեկույց, թե ոչ բայց դա մեր աշխատակազմում քննարկման թեմա կլինի»,- եզրափակեց ՄԻՊ տեղակալը: