Անցնող շաբաթն առանձնացավ հետաքրքիր իրադարձություններով, ինչպես ներհայաստանյան մակարդակով, այնպես էլ արտաքին քաղաքականությունում: ԱԺ-ի ներկայացվեց Հայաստանի 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը, իսկ Փարիզում տեղի ունեցավ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը:
Ներհայաստանյան իրադարձություններ
Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն դարձնելու նպատակով Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) Երևանում անցկացրեց միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոշորագույն ոսկեգործական կազմակերպությունների ղեկավարները։ Համաժողովին մասնակցած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր խթան կհանդիսանա ոսկեգործության ոլորտի զարգացման համար:
Անցնող շաբաթ Ազգային ժողովի պատգանավորները և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակեց աշխարհի երկրներում ԶԼՄ-ների ազատության մակարդակն անդրադարձնող ինդեքսը, ըստ որի' Հայաստանը մամուլի ազատության հարցով առաջատարն է տարածաշրջանում: Թեպետ այս տարի մեր երկիրը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, այդուհանդերձ նա առաջ է հարևան Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից և Թուրքիայից:
Հայաստանը բարելավեց դիրքը և 45-րդ տեղը զբաղեցրեց Doing Business վարկանիշում:
ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը և ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այն ունի սոցիալական ուղղվածություն: Հաջորդ տարվա բյուջեում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն անփոփոխ կմնա:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ նաև հետևողականորեն նվազեցնել ստվերը: Աբրահամյանի խոսքով՝ մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման հենքը կլինի գործունեության հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը:
Անդրադառնալով եռյակի'իշխանափոխության վերաբերյալ հայտարարություններին' ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ չի տեսել որևէ քաղաքական գործչի, որը հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշեց, որ ընտրացուցակների հրապարակումը նպատակահարմար չի համարում, ինչպես առաջարկում է եռյակը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին Վաչե Տերտերյանի վրա, իսկ նախկին նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվեց IDeA հիմնադրամի ղեկավար:
Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպում-ԼՂ հակամարտություն
Փարիզում նախ տեղի ունեցավ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցություններ, որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: Միաժամանակ, նախագահների եռակողմ հանդիպմանն ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Ֆրանսիայի նախագահ Ֆ րանսուա Օլանդն առաջարկեց սկսեց ԼՂ հակամարտության համապարփակ համաձայնագրի մշակումը:
Օլանդը կոչ արեց կողմերին ցուցաբարել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները և իրենց ժողովուրդներին պատրաստելու խաղաղության:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական գնահատեց, իսկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարեց, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ակտիվացում Է ակնկալում:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնե լ այն օգուտների վրա, որոնք կարող է խաղաղությունը բերել տարածաշրջանի բնակիչներին: Մենք շարունակում ենք պնդել, որ կողմերի համար կարևոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքը դնելու համար»,- ասաց Պսակին:
Անցնող շաբաթ Ստեփանակերտում մեկնարկեց դիվերսանտների գործով դատական առաջին նիստը, որում ադրբեջանցի դիվերսանտները մասնակի ընդունեցին իրենց մեղքը: Միաժամանակ, ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները հակասական էին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ փաստեց, որ Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն անցնում է միջազգային նորմերին համապատասխան:
Արցախը ցույց է տալիս, որ առաջատար է դատական իշխանության ձևավորման գործընթացում:
Հայտնի դարձավ նաև, որ Արցախը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը:
Հայաստանի նախագահի այցը Հորդանան
Նախագահ Սերժ Սարգսյանն Ամմանում հանդիպեց Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդին: Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Իսկ ՀՀ Նախագահն ու Հորդանանի վարչապետը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարները:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաև Սենատի նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ:
Հորդանանում ՀՀ Նախագահը հայտարարեց, որ կրոնական հակամարտություն քարոզողները հաջողություն ունենալ չեն կարող:
Սերժ Սարգսյանը Հորդանանում այցելեց նաև հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:
Հայոց ցեղասպանություն
Անցնող շաբաթ իտալական Կալյարին չտրվեց թուրքական ճնշումներին ու Հայոց ցեղասպանության մասին գիտաժողով անցկացրեց: Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Կալյարիի քաղաքապետ Մասսիմո Զեդդան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը, ռազմական լրագրող Թալալ Խրաիսը, հայկական ծագումով սիրիացի լրագրող Նաման Տարչանը, «Սպոնդասուդ» լրատվականի աշխարհաքաղաքական հարցերով խմբագիր, լրագրող Ալեսանդրո Արամուն:
Իսրայելական Haaretz պարբերականը հրապարակեց իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի հոդվածը, ուր ցեղասպանագետը Իսրայելին կոչ է անում անմիջապես դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Միջազգային պարտավորություններից զատ' Իսրայելը բարոյական պարտավորություն ունի այս հարցում:
Շատ լուրջ հետևանքներ կլինեն, եթե պարզվի, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը մարդկության դեմ հանցագործություններ են գործել իսրաելական զենքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Աուրոնը և հավելում. «Ցեղասպանություն իրականացրած կառավարություններին զենքի վաճառքը հավասարազոր է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ֆաշիստական Գերմանիային զենք վաճառելուն: Իսրայելը պետք է ձեռնպահ մնա նման գործողություններից նաև այն պատճառով, որ մենք Հոլոքոստ վերապրած ժողովուրդ ենք»:
Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը ծավալուն հարցազրույց տվեց ավստրալական ABC’s Lateline program եւ Sky News Australia հաղորդումների խմբագրությանը եւ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հարցազրույցի առիթ է հանդիսացել Ռոբերտսոնի նոր' «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 21-ին Քանբերայում:
Ավստրալացի փաստաբանը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար երկրի ԱԳ նախարարին անվանեց «հիմար»:
Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին էլ վստահություն հայտնեց'Հայոց ցեղասպանության մասին գիտեն ու հիշում են ոչ միայն հայերը, այլև ողջ մարդկությունը:
Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր լիամետրաժ անիմացիոն կինոնկար է նկարահանվում, որի գլխավոր հերոսները պլաստիլինե տիկնիկներն են: «Իմ սիրտը» անիմացիոն ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքն է:
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող թուրք մտավորականն էլ Հայաստանում արժանացավ հատուկ հուշամեդալի:
Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար ՀՀ պետբյուջեից 2015-ին կհատկացվի 20 միլիարդ դրամ:
Հայտնի դարձավ նաև, որ Լոս Անջելեսում հայ աշակերտներին այսուհետ կթույլատրվի ապրիլի 24-ին բացակայել դասերից:
Հայաստանի' ԵՏՄ անդամակցություն
Հայաստանի կառավարությունը ԵՏՄ-ին անդամակցության նախաշեմին հաստատեց սննդի անվտանգության ամբողջական փաթեթ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատկան մարմիններին՝ հրավիրել գործարարներին և տեղեկացնել, թե ինչ է նրանց սպասվում ԵՏՄ-ին անդամակցելիս:
Վարչապետը խոստացավ, որ կառավարությունը կաջակցի տեղական արտադրանքը ԵՏՄ շուկա արտահանելուն:
ՀՀ փոխարտգործշնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ ԵՏՄ և ԵՄ երկրների միջև:
Միաժամանակ, փոխարտգործնախարարը հայտարարեց, որ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Ռիժկովն էլ ընդգծեց, որ Ռուսաստանն ուրախ կլինի Լեռնային Ղարաբաղը տեսնել ԵՏՄ կազմում:
Ուկրաինա
Երկուշաբթի հրապարակված Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով' առաջատարներն էին «Ժողովրդական ճակատը» եւ Պյոտր Պորոշենկոյի դաշինքը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ժոզե Մանուել Բառոզուն ժողովրդավարության հաղթանակ որակեց Ուկրաինայի ընտրությունները, իսկ
ԵԱՀԿ-ի դիտորդները դրական գնահատեցին դրանք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք Է պահպանեն եղբայրական բարեկամության ավանդույթները:
Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները չեն ընդգրկվի Մունդիալ-2018-ի նույն խմբում:
Շաբաթվ վերջին Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը ստորագրեցին գազի համաձայնագիրը:
Սիրիա
Անցնող շաբաթ սիրիական բանակը վերահսկոողություն հաստատեց Արևելյան Ղուտայի Հուշ ալ Ֆարա գյուղաքաղաքի նկատմամբ:
Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծեցին ԻՊ-ի դիրքերը Ռակկայում: Սիրիական բանակը և զինված ուժերը ԻՊ-ի տասնյակ անդամներ ոչնչացրեցին Դեր Զորի մի քանի շրջաններում: Սպանված ահաբեկիչների մեծ մասը սիրիացիներ չէին:
Սիրիայում ծայրահեղական խմբավորումները միավորվեցին ընդդեմ ազատ բանակի:
Միաժամանակ, Դամասկոսի գյուղերի 40 զինյալ հանձնվել են իշխանություններին: