Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Դրանցից առավելապես ուշադրության արժանի էին ներքաղաքական հարուստ օրակարգը, Ադրբեջանում տիրող տնտեսական ճգնաժամը եւ աղմկահարույց քաղաքական սպանությունը Ռուսաստանի Դաշնությունում: «Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող շաբաթը:

 

Ներքաղաքական

 

 

Ազգային ժողովում փետրվարի 23-ին մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյան, սպասվում էր, որ այս օրվա նիստի ընթացքում տեղեկություններ կլինեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ: Նույն օրը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտում է խորհրդարանի քառօրյա նստաշրջանը:

 

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը փետրվարի 23-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

 

 

Իշխանությունները հերքեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ճնշումների մասին լուրերը: Ազգային ժողովն ուսումնասիրել է բոլոր պատգամավորների բացակայությունների հարցը, հարցն իրավական տեսքի է բերվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին:

 

 

Նույն օրը' փետրվարի 23-ին ԲՀԿ խմբակցությունը լքելու եւ որպես անկախ պատգամավոր հանդես գալու մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

 

 

Միաժամանակ մի շարք պատգամավորներ հանդես եկան ՀԱԿ-ի սուր քննադատությամբ' նշելով, որ քաղաքական կառույցն արդեն երգել է իր կարապի երգը:

 

 

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրել: Կուսակցության 8-րդ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին' ժամը 15:00-ին: Հաջորդ օրը Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանը իր դիմումի համաձայն դադարեցրեց անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախահգահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են կոալիցիա մտնել:

 

 

ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե վերջինը պահպանի պայքարի այն ոգին, որ որդեգրել էր վերջին տարիներին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺՀԱԿ խմբակցության ղեկավար ԼևոնԶուրաբյանը:

 

 

Տնտեսական ճգնաժամ Ադրբեջանում

 

 

 

Ադրբեջանում փետրվարի 23-ին բողոքի ալիք է բարձրացել նավթի համաշխարհային գների անկման պատճառով ազգային արժույթի' մանաթի արժեզրկման հետ կապված երկրում բոլոր ապրանքների եւ սպասարկման գների սրնթած աճի առնչությամբ: Ադրբեջանը կանգնած է «տնտեսական աղետի» առաջ:

 

 

Արդեն Փետրվարի 24-ի առավոտից Ադրբեջանի բանկերի եւ փոխանակման կետերի մեծ մասը դադարեցրել է արտարժույթի փոխանակման գործողությունները:

 

 

«Նավթի գների անկումը լարված վիճակ է ստեղծել Ադրբեջանում: Եթե իրավիճակը չփոխվի, ապա Ադրբեջանի պետական բյուջեն մինչեւ 2015 թվականի վերջը կկորցնի 6-7 մլրդ դոլար»,- նշում են մասնագետները:

 

 

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը զգուշացրել է այն մասին, որ Ադրբեջանի բանկերի ակտիվները հայտնվել են ռիսկի տակ:

 

 

Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Թախթաքյորփու ավանի մի քանի հարյուր բնակիչներ բողոքի փետրվարի 24-ին ակցիա են անցկացրել ազգային արժույթի արժեզրկման պատճառով սկսված թանկացումների դեմ:

 

 

Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի սրընթաց էժանացումից հետո ադրբեջանական բանակի զինծառայողների աշխատավարձերը 30 տոկոսով արժեզրկվել են, եւ քանի որ կառավարությունն ազգային արժույթի հետ կապված ճգնաժամից դուրս գալու ծրագիր չունի, մանաթի անկումը կհանգեցնի նաեւ ադրբեջանական բանակի անձնակազմի կրճատման:

 

 

 

ԼՂ հիմնահարց

 

 

 

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնումը Ադրբեջանի կառավարությանը կնվազեցնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև: ԱՄՆ պետդեպի ամենօրյա ճեպազրույցին այս մասին փետրվարի 24-ին նշել է պետդեպի խոսնակ Ջեյն Փսակին:

 

 

Նույն օրը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանցի դիվերսանտներին հետ վերադարձնելու հարցով որևէ բանավոր, առավել ևս գրավոր առաջարկ չեն ստացել:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 25-ին դա կապեց մի շարք գործոնների, այդ թվում' հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության հետ:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների կատարած հանցագործությունները, սպանությունները բացահայտված, փաստագրված և ապացուցված են՝ ներառյալ 17-ամյա պատանու առևանգումը և սպանությունը: Այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հավելեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է' մարդասպաններին ինչպես են հերոսացնում Ադրբեջանում:

 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

 

 

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև 2015 թվականի սեպտեմբեր: Բազմաբնույթ միջոցառումներին զուգընթաց'Հայոց ցեղասպանության 100-ամյակի Ֆրեզնոյի հանձնաժողովը կազմակերպում է դասընթացներˋ տեղի ուսուցիչներին Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու համար:

 

 

Նիդերլանդների Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը (NIOD) և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով կանցկացնեն:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի տարածքում ծայրահեղ ազգայնական խմբավորումները սկսեցին բացահայտել իրենց ցեղասպան էությունը:

 

 

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը փետրվարի 24-ին միաձայն հաստատել է որոշումը ապրիլին' Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ երկու կարևոր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած մարդկության դեմ կատարված առաջին հանցագործության մասին, այլեւ իրավական եւ քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում եւ հատուցում:

 

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը փետրվարի 26-ին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին «քաջություն» դրսևորել և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին:

 

 

Հայ 97-ամյա մեծահարուստ Քըրք Քըրքորյանը նախատեսում է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Փետրվարի 27-ին ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բեռլինյան հիշատակի միջոցառմանը ներկա Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի համար ավելի քան հստակ է՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության իրագործած հայերի տեղահանումն ու սպանդը 20-րդ դարի առաջին ցեսապանությունն էր: Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորն այս կապակցությամբ մամուլին տված մեկնաբանությունում նշում է, որ մեծ տերություններն այն ժամանակ չդադարեցրեցին քրիտոնյա հայերի զանգվածային կոտորածը, ինչն այսօրվա տեսանկյունից հնարավոր կլիներ. «Հարյուր տարի անց քաղաքականությունը լռելու իրավունք այլեւս չունի»:

 

 

Միացյալ Նահանգների պետքարտուղարի' ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան փետրվարի 28-ին Թուրքիային կոչ է արել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հաշտության գալ Հայաստանի հետ:

 

 

 

Գյումրիի ողբերգություն

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 24-ին հրապարակել է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 

 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակելու է Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելուն ուղղված քայլերը:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։

 

 

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարություն է տարածել Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործի առնչությամբ:

 

 

Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորայինբանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը:

 

 

 

Բորիս Նեմցովի սպանությունը

 

 

 

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27-ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների' նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: Սպանության ականատեսները սկսել են ցուցմունք տալ:

 

 

 

Ուկրաինական ճգնաժամ

 

 

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 23-ին հայտարարել Է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու պլանների մասին

 

 

15-ամյա դեռահասը, որը տուժել Էր փետրվարի 22-ին Խարկովի Մարզապալատի մոտ իրականացված պայթյունի հետեւանքով, փետրվարի 23-ի ցերեկը մահացել Է հիվանդանոցում: Փետրվարի 24-ին ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է չորսի: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության ղեկավարի խորհրդական, ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:

 

 

«Այսօր առավոտյան ժամը 5-ին, հիվանդանոցում, ահաբեկչական գործողության հետեւանքով ստացած ծանր վերքերից մահացել Է 18-ամյա Նիկոլայ Մելնիչուկը, որը Խարկովի քաղաքային տնտեսության ակադեմիայի ուսանող Էր»:

 

 

 

 

Իսլամական պետություն

 

 

 

Իրաքում փետրվարի 25-ին «Իսլամական պետությունը» 100-ից ավելի տղամարդկանց է առևանգել: Դեպքը տեղի է ունեցել Թիրքիթ քաղաքի մերձակայքում: Ահաբեկիչները 40-ից ավելի տղամարդկանց գերի են վերցրել Ռաբիդա գյուղաքաղաքում:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը «Իսլամական պետությանը» փետրվարի 26-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել գերի վերցրած ասորի քրիստոնյաներին:

 

 

«Իսլամական պետությունը» փետրվարի 26-ին առևանգել է ավելի քան 220 մարդկանց, ովքեր բնակվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե մարզի ասորական գյուղերում:

 

 

Նույն օրը «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքում գտնվող Ալ Խադար հնագույն մզկիթը: ԻՊ-ն համացանցում տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում է, թե ինչպիսի ավերածությունների է ենթարկվել Մոսուլի պատմական թանգարանը: 5-րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են ծայրահեղականները մուրճերով և այլ գործիքներով ջարդում հսկայական արձանները:

 

 

 

Եվրատեսիլ

 

 

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի դարձավ փետրվարի 23-ին: Խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:

 

 

Փետրվարի 28-ին հայտնի դարձավ խմբի չորրորդ մասնակցի անունը, դա ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:

 

 

 

Օսկար-2015



Փետրվարի 22-ին անցկացվեց ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը, «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի արժանացավ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդման» ժապավենը: