Անցնող շաբաթ կրկին անհանգիստ իրավիճակ էր հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին նաև ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող շաբաթը.

 

 

 

Ներհայաստանյան իրադարձություններ

 

 

 

Ազգային ժողովում փետրվարի 2-ին մեկնարկեց գարնանային նստաշրջանը: Փետրվարի 2-ի նիստում խորհրդարանը չկարողացավ հաստատել հերթական նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի կազմը, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած որոշման նախագծերը քվեարկությամբ մերժվել էին: ԱԺ-ն այն հաստատեց փետրվարի 4-ի նիստում: Հանձնաժողովում Հանրապետական խմբակցությունը կունենա 6, ԲՀԿ-ն 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ:

 

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցություն հրավիրվեց, որտեղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հետ կապված հարցեր:

 

 

Խորհրդարանը քննարկեց շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման ժամկետը հետաձգող նախագիծը: Այն ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Քննարկման արդյունքում ԱԺ-ն 6 ամսով հետաձգեց շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կիրարկումը: Համապատասխան նախագծին կողմ քվեարկեց 75, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 40 պատգամավոր:

 

 

Խոսելով օրենքում իրականացվելիք փոփոխությունների մասին ' ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այդ փոփոխությունները կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը:

Փետրվարի 5-ի նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգելու օրինագիծը:

 

 

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության գործով մեղադրանք առաջադրվեց 4 զինվորի: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Կարապետյանն ազատվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով' ռազմական ինստիտուտի պետ նշանակվեց գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը:

 

 

Անդրադառնալով սպանության դեպքին և դրա հնարավոր հետևանքներին' ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հայտարարեց, որ ռազմական ինստիտուտում պաշտոնականություններ կլինեն նաև պետի տեղակալների մակարդակով, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի ուշ հայտարարեց, որ կուրսանտի սպանության կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ ինստիտուտի ղեկավարության, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

 

 

Բերձորում տեղի ունեցած միջադեպը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ստեղծել պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն, որը կմեկնի Ստեփանակերտ՝ պարզելու ծ միջադեպի մանրամասները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նման խումբ կձևավորվի և այն կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ տեղի իշխանությունների հետ Բերձորի միջադեպը քննարկելու համար:

 

 

Նա նաև տեղեկացրեց, որ խմբում յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկված կլինի մեկական ներկայացուցիչ: Շաբաթվա վերջում պատվիրակությունը մեկնեց Արցախ: Այն հանդիպումներ ունեցավ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով ևս ԼՂՀ մեկնած պատվիրակության կազմում էր, նշեց, որ նախատսված են մի շարք հանդիպումներ ևս, իսկ իրականացրած աշխատանքերն ու հավաքագրված տեղեկատվությունը հանրության կներկ այացվի, երբ պատվիրակությունը վերադառնա Հայաստան:

 

 

Միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդակցություն հրավիրեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նա ԼՂՀ ոստիկանապետին հանձարարեց ծառայողական քննություն անցկացնել եւ արդյունքների մասին զեկուցել իրեն' անհրաժեշտ եզրահանգումների համար:

 

Բերձորի դեպքերի կապակցությամբ պաշտոնական դիրքորոշմամբ հանդես եկավ և ԼՂՀ իր գործընկերոջը գրություն հղեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Յուրի Հայրապետյանին ուղղված գրության մեջ ՀՀ օմբուդսմենը հույս հայտնեց, որ «միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք»:

 

 

 

Գյումրու ողբերգություն

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմեց ՌԴ գլխավոր դատախազին:

 

 

Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Գյումրու սպանության գործով տուժողի երկու իրավահաջորդների' Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը կներկայացնի փաստաբան Երեմ Սարգսյանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով Պերմյակովի գործի քննության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին' ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների սահմաններում պատրաստ է աջակցել Պերմյակովի գործի քննությանը:

 

 

Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները, մասնավորապես, Газета.ru-ն, տեղեկացրեց, Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով: Պարբերականը նաև տեղեկացրեց, որ գլխավոր ռազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինվորական կոմիսարիատի աշխատակիցներին, ովքեր նրան զորակոչել են բանակ, այնպես էլ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:

 

 

Այս առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարեց, որ Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ Քննչական կոմիտեն որևէ տվյալ չունի' տեղեկացնելով, որ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն Քննչական կոմիտեն դեռևս պատասխան չի ստացել:

 

 

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայատարարություն տարածեց սպանության գործով նախաքննության ընթացքի մասին, որտեղ ևս նշած էր, որ քրեական գործի շր ջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

 

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

 

 

Անցնող շաբաթ կրկին լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը նախորդ շաբաթ ևս շարունակց շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները: Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանական զինուժի դիպուկահարի գնդակից վիրավորվեց 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Արցախում հակառակորդի կողմից արձակած գնդակից Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին զոհվեց զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

 

 

Ադրբեջանն իր գյուղերը գնդակոծելուց հետո անցավ հայկական գյուղերին: Հակառակորդի գնդակից իր տան հյուրասենյակում զոհվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Գուրգենի Ղուկասյանը:

 

 

Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրվելու մասին խոսեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը' նշելով, որ Մոսկվան անհանգստացած է սահամնում տեղի ունեցող իրադարձություններով: ԼՂՀ-ում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ մտահոգություն հայտնեց նաև Գերմանիան: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը վերահաստատեց Նիկոլայ Բորդյուժան:

 

 

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լրջորեն անհանգստացած է այն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան:

 

Մյունխենում կայացավ ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթներ ի ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ' քաղաքացիական անձանց զոհերի: Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համանախագահները հայտարարություն տարածեցին' կոչ անելով նախագահների մակարդակով վերսկսել բանակցությունները:

 

 

Մյունխենում փետրվարի 6-ին մեկնարկած անվտանգության հարցերով 51-րդ համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Վերջինս անհանգստություն հայտնել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։

 

ԱԳ նախարարը հանդիպեց նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։ Վերջինս մտահոգություն հայտնեց ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ' կարևորելով 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

 

 

Մյունխենում Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի զարգացումները քննարկեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը և Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիուն: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպրշիկը: Հանդիպման մասնակիցները հայտարարեցին, որ կողմերից բանակցային գործընթացի անհապաղ ինտենսիվացում են ակնկալում:

 

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ շաբաթ պահպանվող լարված իրավիճակը համեմատաբար հանգիստ էր շաբաթվա վերջին' փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը:

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 

 

 

Աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, իսկ մի շարք պետություններում այդ միջոցառումներն արդեն մեկնարկել են: Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրվեց Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացած «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողովով:

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց, որ Հայ առաքելական եկեղեցին երկար դադարից հետո ապրիլի 23-ին կսրբադասի Հայոց ցեղասպանության զոհերին: Սրբադասման կարգը կայանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեկնարկը հավանաբար կտրվի ժամը 16:00-ին, կավարտվի 19:15-ին, որը խորհրդանշելու է 1915 թվականը: Ավարտին կհնչեն աշխարհի բոլոր հայ եկեղեցիների զանգերը, ինչին կհետեւի մեր րոպե լռությունն ու տերունական աղոթքը:

 

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված' թուրքական կողմի հրավերին: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Անկարայի այդ քայլը պարզունակ որակեց' նշելով, որ նման կերպ Թուրքիան անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու անցյալի հետ առերեսվելու և պատմական ճշմարտությունն ընդունելու իր անկարողությունը:

 

 

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ թուրքական պատվիրակություն ապրիլին Հայաստան չի գա, փոխարենը թուրքական քաղաքացիական հինգ կազմակերպություններ Չանաքքալե հրավիրված երկրների առաջնորդներին կոչ արեցին Թուրքիայի փոխարեն ապրիլի 24-ին այցելել Երևան: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչն էլ տեղեկացրեց, որ Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կլինեն Երևանում:

 

 

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խոստովանեց, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հստակ ծրագիր չունի' ավելին Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև ապրիլ քայլեր չեն արվի, քանի որ դա հակասում է Անկարայի տրամաբանությանը:

 

 

 

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ՌԴ

 

 

 

Անցնող շաբաթ աշխատանքային այցով ՌԴ-ում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը Մոսկվայում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին, որտեղ ՀՀ վարչապետը հանդես եկավ ելույթով: Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով:

 

Նա կարևորեց այն, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման և բարեկամության հիմքի վրա և կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը: Հովիկ Աբրահամյանը նաև վտահեցրեց, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ:

 

 

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցներն անդրադարձան տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը' կարևորելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Քննարկվեցին նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները:

 

 

ՀՀ վարչապետի' ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվեց ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:

 

 

 

 

Ուկրաինա

 

 

 

Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակեց մնալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում ընդունեց 2015 թվականի մարտի 1-ից չեղյալ հայտարարել հանրապետության տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով. այդ օրվանից ռուսաստանցիների մուտքը հնարավոր է միայն արտասահմանյան անձնագիր ներկայացնելու դեպքում: Ուկրաինայի Գերագույն ռադան Վիկտոր Յանուկովիչին զրկեց ՈւկրաինայÕ « նախագահի կոչումից: Խորհրդարանի համապատասխան որոշման օգտին քվեարկեց 281 խորհրդարանական:

 

 

Հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը: Ըստ վարչության տվյալների, Ուկրաինայի հակամարտությունն ավելի քան 5,3 հազար մարդու կյանք է խլել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ պահանջեց անհապաղ դադարեցնել կրակը Դոնբասում: Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հանդես եկավ Ուկրաինայի ն ռազմական օգնություն ցուցաբարելու օգտին:

 

 

Փետրվարի 5-ին Ուկրաինա ժամանեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա Կիևում նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան Ռուսաստանի հետ հակամարտություն չեն ցանկանում: Կիև ժամանեցին նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկելով Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման ուղիները' կողմերը հանդես եկան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:

 

 

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջև բանակցություններից հետո, որոնք տևեցին շուրջ 5 ժամ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստում են համատեղ հնարավոր փաստաղթթի տեքստը' Մինսկի պայմանավորվածությունների կատարման շուրջ:

 

Մերկելն էլ Մյունխենում ընթացող անվտանգության թեմայով կոնֆերանսում հայտարարեց, որ Արևմուտքը ցանկանում է Եվրոպայում անվտանգություն կ առուցել Ռուսաստանի հետ համատեղ: Հայատարարությամբ հանդես եկավ նաև Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսուա Օլանդը նշեց, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը խաղաղության հաստատման վերջին հնարավորություններից մեկն է:

 

 

Սիրիա

 

 

 

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սիրիայում: Սիրիական բանակը փետրվարի 1-ին ահաբեկչական խմբավորումներից նոր տարածքներ ազատագրեց' վերահսկողություն հաստատելով Դեր Զորի մարզի Մարիիյա գյուղի մեծ մասի վրա: Բանակը հաջողություններ գրանցեց նաև Դամասկոսի մերձակա գյուղերում՝ իր հսկողության տակ առնելով Զաբադանի շրջանի մի քանի գյուղեր ու մերձակա տարածքներ:

 

 

Հալեպի Թիլել թաղամասը փետրվարի 4-ի կեսօրվա ժամերին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ էր դարձել: Հրթիռակոծման հետևանքով նշված թաղամասում ավերվեց հայի բնակարան, վնասվեցին հարևանությամբ գտնվող բնակարաններն ու շենքերը: Փետրվարի 5-ին հրթիռակոծության ենթարկվեց Հալեպի մեկ այլ' Թելեֆոն Հաուայի թաղամասը, ինչի հետևանքով այստեղ ևս հայի բնակարան քանդվեց, իսկ Հալեպի Նոր գյուղ շրջ անում փետրվարի 7-ին հրթիռակոծության հետևանքով մահացավ հայ երիտասարդ 24-ամյա Գոգո Գպճյանը:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիքը հայտարարեց, որ կազմակերպությունը կօժանդակի Ռուսաստանին միջսիրիական բանակցությունները վերսկսելու համար, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը 2015 թվականին կընդլայնի սիրիահայերին տրամադրվող օգնությունը: