ՀՀ Նախագահի հարցազրույցը The New York Times-ին

 

Ամերիկյան հայտնի The New York Times պարբերականը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը: Բազմաթիվ հարցերի թվում ՀՀ նախագահը խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին' հայտարարելով, որ հայ ժողովուրդը բացառիկ առաքելություն է կրում ցեղասպանությունների կրկնությունը կանխարգելելու հարցում և հավատում է, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործության ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում:

 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին' Սարգսյանը վերահաստատեց տեսակետն այն մասին, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք բերված պամանավորվածությունների համաձայն: Նախագահն ընդգծեց նաև, որ առաջնահերթություն եղել է և կմնա Հայաստանի ու ԼՂՀ անվտանգությունը, քանի որ փխրուն խաղաղությունն ավելի գերադասելի է, քան հաղթական պատերազմը:

 

Խոսելով Հայաստանի' Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջ դառնալու հնարավորության մասին' Նախագահը նշեց, որ Հայաստանը կկարողանա կարևոր օղակ դառնալ Արևմուտքի և ԵՏՄ գործարարների համար:

 

Պարբերականին տված ծավալուն հարցազրույցում Նախագահն անդրադարձավ նաև այս տարվա հուլիս-օգոստոսին շփման գծում հրադադարի խախտման դեպքերին: Նախագահն աշխարհին հիշեցրեց ԼՂ հարցում Ալիեւի «թվիթերյան դիվանագիտության» մասին' ուշադրություն հրավիրելով տարածված այն թյուրըմբռնման վրա, որը կա միջազգային հանրության մոտ և արտահայտվում է ագրեսորի և այդ ագրեսիայից տուժած զոհի միջև հավասարության նշան դնելով:


ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան

 

Անցնող շաբաթ պաշտոնական այցով ԻԻՀ այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը նախ հանդիպեց Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Վարչապետն ընդգծեց, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:

 

ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարության ժամանակ Էսհաղ Ջահանգիրին նշեց, որ Իրանը մտադիր է Հայաստանի տարածքն օգտագործել որպես տարանցիկ ուղի՝ դեպի Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ իր ապրանանքներն արտահանելու համար:

 

Հովիկ Աբրահամյանը Թեհրանում հանդիպեց նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ: Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ ընդգծվեց հատկապես հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը: Զրուցակիցները կարևորեցին նաև մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահի' 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը:

 

ՀՀ վարչապետն Իրանում հանդիպեց նաև Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը: Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր:


Ներհայաստանյան իրադարձություններ

 

Անցնող շաբաթ հագեցած էր ՀՀ Նախագահի աշխատանքային օրակարգը: Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Շիրակի և Լոռու մարզերում: Նախագահը Շիրակի մարզում ներկա գտնվեց Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարեց Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում: Լոռու մարզում Նախագահն այցելեց Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացավ իրականացված ներդրումներին, ֆաբրիկայ ի գործունեությանն ու զարգացման ծրագրերին:

 

Նախագահը Երևանում մասնակցեց Հատուկ քննչական ծառայության նոր մասնաշենքի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՔԾ անձնակազմի հետ խոսեց ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին: Նախագահը գոհունակությամբ փաստեց, որ կարճ ժամանակահատվածում ծառայությունը կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն:

 

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի երեք դատավոր նշանակվեց: Նախագահի մեկ այլ հրամանագրով' դադարեցվեցին ՀՀ վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատավորների լիազորություններ:

 

Պաշտոնական այցով Երևան ժամանեց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները: Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիոսվ, որտեղ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Եվրոպայում ջանք չեն խնայում Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման համար եւ Արեւելյան գործընկերներին Եվրոպան մոռ ացության չի մատնել: Շտայնմայերը միաժամանակ ընդգծեց, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը:

 

ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա ընդգծեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ, որ վավերացնի եւ իրականացնի այն պայմանավորվածությունները, որ ստորագրվել են միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայությամբ: Շտայնմայերն էլ նշեց, որ Գերմանիայում հիշում են, որ հաջորդ տարի լրանում է Ցեղասպանութան հարյուրերրորդ տարելիցը, երբ մեկ ու կես միլիոն հայ կոտորածի զոհ դարձավ:

 

Գերմանիայի ԱԳ նախարարին ընդունեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին:

 

Պաշտոնական այցով Հայաստանում էր նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության, ԼՂ հակամարտության կարգավորման թեմաներին: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լիտվայի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ԱլԳ շրջանակում:

 

Լինաս Լինկյավիչուսին ընդունեց ՀՀ Նախագահը: Հանդիպմանը կողմերը կարևորեցին ակտիվ փոխայցելություններն ու շփումները: Արտգործնախարարը, խոսելով համագործակցության առաջիկա ծրագրերի մասին՝ նշեց, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով և ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում:

 

ՀՀ կառավարությունը հերթական նիստը գումարեց հոկտեմբերի 23-ին: Նիստում գործադիրն առաջարկեց դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր: Գործադիրը հաստատեց ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը

 

ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը ՀՀ Նախագահի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 

Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին հերթական հանրահավաքն անցկացրեց ոչ իշխանական եռյակը: Խախտեց եռյակի պայմանավորվածությունը' «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձախնդրորեն պաշտպանեց Հայաստանի իշխանությունների' Եվրասիական տնտեսական միությանը միանալու քայլը: Նա նշեց, թե համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանն ամբողջությամ բ կորցնում է ինքնիշխանությունը և սուվերենությունը: Նա ընդգծեց, որ պետք չէ թևաթափ լինել, հուսահատվել և վհատվել այն ընտրությունից, որը կատարել է Հայաստանը, այլ հարկավոր է, օգտվելով ԵՏՄ-ի ընձեռած հնարավություններից, լծվել երկրի շենացման գործին: Ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ընթացքում երեք քաղաքական ուժերի առաջնորդերի ելույթները ցույց տվեցին, որ եռյակը դեռևս միասնական օրակարգ չունի:

 

Անցնող շաբաթ կայացավ Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովը' «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով: Կարևորելով համաժողովի քննարկման համար ընտրված թեման' համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ Նախագահն ընդգծեց, որ ՀՀ սահմանադրական զարգացումների շուրջ 20-ամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքների գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում առանցքային է ընդդիմությանը լրացուցիչ լծակներ տալու հարցը: Նա նշեց, որ ընդունվելու են Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները' ուղղված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընդդիմության լիազորությունները մեծացնելուն:

 

Հոկտեմբերի 25-ին մեկնարկած «Երևան Շոու» ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կազմակերպած նորաձևության շաբաթը:

 

«Մերիդիան» էքսպո-կենտրոնում «Երևան Շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսի բացմանը մասնակցեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով։ Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա գտնվեցին նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտեցին նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքած ուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները: Հանրապետության Նախագահն այնուհետ այցելեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք:

 

Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, ա ռկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

 

Անցնող շաբաթ Երևան այցելեց ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը: Գործարարները ներկա գտնվեցին Հայ-ռուսական գործարար համաժողովին: Ռուսական ընկերությունները Երևանում ցուցադրեցին իրենց արտադրանքը: Expo-Russia-Armenia 2014 վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ռուս գործարարների ներկայացրած տեսականին լայն էր' արդյունաբերական խոշոր սարքավորումներից մինչև գյուղատնտեսական մանր ապրանքներ, իսկ հայ գործընկերներ գտնելը, նրանց համոզմամբ, այդքան էլ բարդ չէ:

 

«Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական միջազգային ցուցահանդես այցելեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը շրջեց բոլոր տաղավարներով, զրուցեց ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին անդրադարձան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարարը: Լիտվացի գործընկերոջ հետ հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանը սկզբունքային մոտեցում ունի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ եւ դեմ է, որ հիմնախնդրի կարգավորումը դուրս բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից:

 

Ֆրանսպրեսը հրապարակեց Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը: Ըստ պարբերականի' եռակող հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում: Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության անդամ Մալենա Մարդը հայտարարեց, որ Եվրամիությունը դրական քայլ է համարում առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էլ հույս հայտնեց, որ առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպումը նոր լիցք կհաղորդի ԼՂ հակամարտության կարգավորմանը:

 

Հայաստան ժամանած Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հույս հայտնեց, որ Հայատանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումն անարդյունք ավարտ չի ունենա, եւ կողմերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կգրանցեն առաջընթաց:

 

Հայտնի դարձավ, որ հուլիսին Քարվաճառ ներխուժած դիվերսանտների գործով առաջին դատական նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն էլ մտահոգություն հայտնեց շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների կապակցությամբ:


Ուկրաինա

 

Լարված իրավիճակը չի հանդարտվում Ուկրաինայում: ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը (ՀՄԱ) հոկտեմբերի 23-ին Դոնեցկում անցկացրեց առաջին անօդաչուների փորձնական գործարկումը:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, այլ, ընդհակառակը, ցանկանում է գլոբալ խնդիրները լուծել նրա հետ միասին: ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն էլ նշեց Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագիրը կենսագործելու անհրաժեշտությունը:

 

Դոնբասի իրադրությունը քննարկեցին Ուկրաինայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Նրանք նաեւ համաձայնեցրին դիրքորոշումները ՌԴ-ի հետ գազի հարցի հետագա քննարկման համար: Հերթական հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելն առաջարկեցին Ուկրաինայի խնդրով շփման խմբի եւս մեկ նիստ անցկացնել:

 

ԵԽ գագաթնաժողովն անփոփոխ թողեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը: «Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է նախկինում ընդունված որոշումն արգելված քայլերի վերաբերյալ: ԵԽ-ն շարունակելու է հետևել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ անհրաժեշտության դեպքում նոր քայլեր ձեռնարկելու համար»,- ասված է Եվրոպայի խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ:

 

ԵԱՀԿ-ի կայքում հոկտեմբերի 22-ին հրապարակված հաշվետվության համաձայն, Ուկրաինայում զինադադարը խախտվում է առավելապես ուժայինների կողմից:


Սիրիա

 

Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է իր վրա սևեռված պահել միջազգային հանրության ուշադրությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում ԻՊ-ի դեմ լայնածավալ գործողություններ սկսելը: Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարազգի զինյալների մուտքը Սիրիա և Իրաք, ինչպես նաև նրանց ֆինանսական աջակցությունը և հանցավոր գործունեությունը:

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա ստեղծել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով: Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում 12 օդային հարվածներ հասցրեց ԻՊ-ի դիրքերին:

 

Սիրիական բանակը շարունակեց առաջխաղացումը և տարածքներ գրավեց Հալեպում: Եվրամիությունը կրկին խստացրեց Սիրիայի դեմ պատժամիջոցները: ԵՄ-ի սև ցուցակում հայտնվեցին ևս 16 սիրիացիներ: Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում' 11 նախարարներ մեղադրվում են Սիրիայում բռնություններին մասնակցության կամ Բաշար ալ Ասադի համակարգի հետ մոտ լինելու մեջ:

 

Չնայած լարված իրավիճակին, կյանքը Սիրիայում շարունակվում է. հոկտեմբերի 23-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով Մուհամմադ Մարուան Ալաբան նշանակվեց Հալեպի մարզպետ: