Անցնող շաբաթը Հայաստանում առանձնացավ դրամի արժեզրկմամբ և դոլարի կտրուկ թանկացմամբ: Հանրության ուշադրության կենտրոնում շարունակեցին մնալ ներքաղաքական իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող գործողությունները, Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման արդյունքները: «Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող շաբաթն՝ ամփոփ.
Ներհայաստանյան իրադարձություններ
Անցող շաբավա սկզբին Հայաստանում դոլարը կտրուկ թանկացավ: Ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասավ միջինում 435 դրամի: Հայաստանի կենտրոնական բանկը հայտարարեց, որ դոլարի փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում:
«Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- հայտարարեց ԿԲ-ն: Կենտրոնական բանկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը վստահեցրեց, որ դրամի արժեզրկումը գնաճային մեծ ռիսկեր չի առաջացնի:
Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրած հրամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակեց ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվեց Տիգրան Հարությունյանը:
Անդրադառնալով եռյակի հետ երկխոսությանը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: «Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրական ացրել: Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- նշեց վարչապետը:
Կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց հարկային մարմիններին սահմանափակել հետախուզական միջոցառումները, իսկ գործադիրը պատգամավորների առաջարկություններով փոփոխեց 2015 թ. պետբյուջեի նախագիծը:
Հայտնի դարձավ, որ Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը մտել է ավարտական փուլ:
Անցնող շաբաթ լավաշը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչի կապակցությամբ:
Ադրբեջանում հերթական հիստերիան բարձրացավ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում հայկական պատվիրակությունը դժվարությունների է հանդիպել:
Նոյեմբերի 27-ին կայացավ «Հեռուստամարաթոն 2014»-ը: Համայն հայության ջանքերով հավաքվեց 12.4 միլիոն դոլար, որը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նոյեմբերի 29-ին մասնակցեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմանը: Չորս հարյուր դատապարտյալ կտեղափոխվի «Արմավիր»-ի նորաբաց ՔԿ:
ՀՀ ԱԺ նախագահի այցը Ֆրանսիա և ՌԴ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց կատարեց Ֆրանսիա: Գալուստ Սահակյանի պատվիրակությանը նոյեմբերի 24-ին ընդունեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղբած մի շարք հարցեր: Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը նրան 2015թ. ապրիլին հրավիրեց Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահն անցնող շաբաթ մասնակցեց նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում խոսեց օգոստոսի և նոյեմբերի ադրբեջանական սադրանքների մասին:
Նրա խոսքով՝ անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա' հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունա ցման վտանգը:
Ազգային ժողովի նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց նաև Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Դրա շրջանակում Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանում Հայաստանի' ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Երևանը վերջին հրաժեշտը տվեց ուղղաթիռի զոհված օդաչուներին: Զոհված հերոսների հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Օդաչուները զինվորական կարգով հուղարկավորվեցին Եռաբլուրում:
Հայտնի դարձավ, որ ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու գործողությունն իրականացրել է 4 հոգանոց խումբը:
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը կրկին ընդգծեց, որ Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել ԼՂՀ օդային տարածքը:
Միաժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խոցված ուղղաթիռից տարհանված որոշ սարքավորումներ կենթարկվեն փորձաքննության:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-վարժական թռիչք կատարող' Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվեց որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:
ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Բազելում դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն նոյեմբերի 12-ի միջադեպը եւ ապագայում դրա անթույլատրելիության համար քայլերը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն էլ նշեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտում տեղյակ են, որ ադրբեջանական կողմը թույլ չի տվել ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը խոցված ուղղաթիռի անկման վայր: ԱՄՆ-ը ԵԱՀԿ ներկայացուցչին կդիմի' մանրամասներ ճշտելու, սակայն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ ընդգծեց, որ իր գլխավորած կառույցը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս տեղեկացրեց, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի հայկական ուղղաթիռի խոցման դեպքը:
Զանգվածային թունավորում Եղվարդի մանկապարտեզում
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման տարածումը կանխելու և տուժած փոքրիկների արդյունավետ բուժումն ապահովելու նպատակով շարունակվում են բուժական և հակահամաճարակային միջոցառումները:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է ևս 2 երեխա, ինչպես նաև դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է։ Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 11 երեխա այսօր դուրս է գրվել։
Այդպիսով, նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա և 1 մեծահասակ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։ Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա և 1 մեծահասակ։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառ ումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:
Հայոց ցեղասպանություն
Աշխարհահռչակ Sytem of a Down ռոք խումբը հայոց ցեղասպանության տարելիցի համերգային շրջագայությունը կեզրափակի Հայաստանում՝ հանրապետության հրապարակում նախատեսված համերգով: System of a Down-ն իր հայտարարության մեջ ընդգծեց, որ ժամանակն է կոտրել լռությունը:
Խումբը դիմելով միջազգային հանրությանը նշեց. «Հարյուրերորդ տարելիցի հիշատակման հանդիսավոր արարող ությունների շրջանակներում խնդրում ենք' միացեք մեզ և Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտության և արդարության համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջեք նրանց նախագահից և խորհրդարանից ընդունել Թուրքիայի Հանրապետության բարոյական և նյութական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում»:
Միաժամանակ, հայտնի դարձավ, որ «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր' «1915» ֆիլմի համար: Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:
Անցնող շաբաթ Բուդապեշտում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ, իսկ Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի հայտնի ֆիլմի հայերեն թրեյլերը հայտնվեց համացանցում:
Եվրասիական տնտեսական միություն
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցով ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներմ, որոնց ընթացքում կառավարության անդամները պարզաբանումներ ներկայացրեցին պատգամավորներին: Ըստ այդմ՝ հայտնի դարձավ, որ Հայաստանը կստանա ԵՏՄ միասնական մաքսատուրքերի 1.13 տոկոսը, սակայն կվճարի անդամավճար: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը չի վտանգում Վրաստ անի և Իրանի հետ առևտրական հարաբերությունները:
«Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք ուշադրություն ենք դարձրել նրա վրա, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ մենք վտանգի տակ չդնենք հարևան Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Սա մեզ համար շատ կարևոր հարց էր, և մեզ հաջողվեց արդյունքի հասնել ու Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները»,- նշեց Քոչարյանը:
Միաժամանակ տեղեկացվեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում 5 տարի արտոնություններ կունենա 752 ապրանքների մասով:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն էլ հույս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությունը, որը գործարկվելու Է 2015 թվականի հունվարին կընդլայնվի: «Մենք տեսնում ենք՝ մյուս պետություններն ինչ հետաքրքրություն են դրսեւորում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Եվ ես փստահ եմ, որ այն կընդլայնվի ու կամրապնդվի»,- ասել Է նա Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Կաբիբուլլա Ջակուպովի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:
Ուկրաինա
ԱՄՆ-ը հայտարարեց, որ պլանավորում է ավելացնել Ուկրաինային զուցաբերվող ռազմական օգնությունը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումն Ուկրաինան կընդունի հանրաքվեում:
Անցնող շաբաթ ԵԱՀԿ-ի դիտորդները գնդակոծման ենթարկվեցին Ուկրաինայի արեւելքում: Գնդակոծումը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին, երբ դիտորդները երեք ավտոմեքենաներով ուկրաինացի զինվորականների ուղեկցությամբ հսկիչ անցակետերից մեկից դեպի մյուսն էին գնում Կիրովո եւ Շումի քաղաքների միջեւ: Գնդակոծումից անմիջապես հետո դիտորդները լքել են պատահարի վայրը:
Գերագույն ռադան հաստատեց Յացենյուկի թեկնածությունն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում, իսկ
ԱՊՀ-ին Ուկրաինայի անդամակցությունը կասեցնող օրինագիծը ներառվեց Ռադայի օրակարգում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրչանկ Վալտեր Շտայնմայերը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչերը վտանգավոր են:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդն ընդգծեց, որ Մինսկի արձանագրությունը մնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման հիմքը: Միաժամանակ, Յագլանդը կարծիք հայտնեց, որ նոր «Սառը պատերազմ»-ի առաջացումն իրական սցենար է, որը կարող է մեկնարկել ցանկացած պահի, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի:
Սիրիա
Անցնող շաբաթ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի Գերմանիայի քաղաքացի 60 ահաբեկիչներ սպանվեցին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական խորդհրարանի պատվիրակության հետ քննարկեց Սիրիայում տիրող իրավիճակը: Նա ընդգծեց, որ ռուսական ամուր դիրքորոշումը ոչ միայն այն պատճառով է, որ երկու երկրների միջև ժողովուրդներին միացնող պատմական հարաբերություններ կան, այլև Ռուսաստանը հաշվի է առնում միջազգային օրենքը, պետության ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, Սիրիայի արտգործնախարարը երկօրյա այցով մեկնեց Ռուսաստան: Ուալիդ ալ Մուալլեմը գոհունակություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներից:
Իր հերթին, սիրիական բանակը վերահսկողություն հաստատեց Հալեպի մի քանի գյուղերի վրա:
Հայտնի դարձավ, որ ԻԼԻՊ-ը Սիրիայում պատանի ջիհադականների կենտրոն է բացել: