«Mediamall.am»-ը ներկայացնում է անցնող շաբաթն ամփոփ:




Ներհայաստանյան իրադարձություններ

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին այցելեց «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի' «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին: Բացառիկ հարցազրույցում ՀՀ Նախագահը կառավարությանն առաջարկեց նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին:

 

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը' արձագանքելով «Արմենպրես»-ի հարցադրմանը, թե ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին կրկին անդրադառնալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ի՞նչ քայլեր է Կառավարությունը ձեռնարկելու, ինչպիսի «ճանապարհային քարտեզով» է առաջնորդվելու, հայտարարեց, որ վարչապետը տրամադրված է հատ առ հատ ու ավելի խորքային քննարկել ոչ իշխանական ուժերի 12 կետերը:

 

 

Հայտնի դարձավ, որ կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտարարեց, որ եռյակը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահեցրեց, որ եռյակը չի պառակտվի:

 

 

Անցնող շաբաթ ԱԺ-ն ընդունեց շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների և կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը:

 

Միաժամանակ, ԱԺ լիագումար նիստում մեկնարկեցին ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկումները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանը ԵՏՄ-ից 84 միլիոն դոլարի օգնություն է սպասում: Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ Հայաստանը կարող է տնտեսության ոլորտում պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ:

 

 

Շաբաթվա սկզբին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թ. մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակի արժանացավ բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլան:

 

 

Նոյեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը և ընդգծեց, որ ԵՏՄ մարմինների գործունեության հիմքում դրվում է պետությունների ինքիշխանության սկզբունքը:

 

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ցավալիոերն պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն' պաշտպանների անփույթության պատճառով:

 

Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանություն տրվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

 

 

Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգմ ան ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. հակառակորդը խոցեց հայկական ուղղաթիռը



Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել, միաժամանակ ընդգծեց, որ հրապարակված տեսանյութն ապացուցում է' ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհել:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից:

 

Ոգևորված իրենց «հաջողությամբ»՝ ադրբեջանցիները շտապեցին և ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացրեցին որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար:

 

Միաժամանակ, ԼՂՀ-ն դիմեց ԿԽՄԿ-ին եւ շեշտեց, որ կանի ամեն ինչ զոհված օդաչուների դիերը բերելու հարցում:

 

Ոճրագործությանն առաջինն արձագանքեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և նշեց, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը դիտարկում է որպես լուրջ խնդիր, որը կարող է կտրուկ սրել հակամարտությունը: Նրա խոսքով՝ ԼՂ-ում հայկական ուղղաթիռի խոցումը հակամարտության սրման ռիսկ է պարունակում: Այնուհետև տեղի ունեցածի առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

 

 

Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ընդգծեց, որ Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: «Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,- ասված էր հայտարարության մեջ:

 

 

Եվրամիությունը կոչ արեց հետաքննել ուղղաթիռի խոցման մանրամասները, իսկ ԱՄՆ պետդեպը դատապարտեց ադրբեջանական զինուժի կողմից ուղղաթիռի խոցման փաստը:

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ արեց Սպիտակ տանը դադարեցնել Բաքվի ռազմական օժանդակությունը:

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը խոր մտահոգություն հայտնեց ուղղաթիռի խոցման առնչությամբ: Նա դիմեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' անել հնարավորը' բացառելու նման միջադեպերը եւ հարգելու հրադադարի ռեժիմը:

 

 

Ադրբեջանական հանցագործությանն արձագանքեցին և այն դատապարտեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

 

Պան Կի Մունը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, իսկ ԱՄՆ կոնգրեսականները մեծ քննադատության տակ առան Ադրբեջանի սադրիչ քայլը:

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց առավել հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա:

 

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատապարտեց և ոճրագործություն համարեց հայկական ուղղաթիռի խոցումը: «Ուղղաթիռը խոցելը ես համարում եմ ոճրագործություն, և դատապարտում եմ: Իրենք միշտ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո որևէ մի նման սադրանք են անում: Սա հերթականն էր, ինչը խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցությո ւնները»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ խոստացավ համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան' Ադրբեջանի գործողություններին:

 

Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ից սոցիալական ցանցերում մեկնարկեց #ArtsakhStrong արշավը: Այն նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ամերիկյան բաժինը: Միջազգային հանրությանը կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

 

«Քարնեգի» հիմնադրամի ավագ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս Դե Վաալը BBC-ում հոդված հրապարակեց և նշեց, որ հայկական ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից:

 

 

 

ՀՀ Նախագահի այցն Արցախ



Նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահն աշխատանքային այց կատարեց Արցախ: Հայաստանի և Արցախի Նախագահները ներկա եղան ՊԲ ստորաբաժանումների զորավարժություններին, այնուհետև մասնակցեցին ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը:

 

 

ՀՀ Նախագահը «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևելով ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին' հայտարարեց, որ պատերազմի կանխման գրավականն է համարում հայ զինվորի ուժը:

 

 

«Պայմանական մարտի դաշտում և շփման գծում ձեր կողմից ցուցաբերած վարքը, ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի: Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին:

 

Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ էլ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- ասաց Նախագահը:

 

Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն' 2014թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները, որին մասնակցում է ավելի քան 17000 զինծառայող:

 

 

Հայոց ցեղասպանություն



Սաքսաֆոնահար Չիկո Ֆրիմանը ևս միացավ #2015RTAG համաշխարհային ակցիային և կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Հայտնի դարձավ, որ Թուրքիայի Կանաչների կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 7-9-ը Ստամբուլում Կանաչների կուսակցության եվրոպական մասնաճյուղերի նիստի ժամանակ կուսակցության խոսնակն ասաց. «Մենք միանշանակ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

 

 

Միաժամանակ, ԱԳՆ-ն պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները տարածել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այդ նպատակով ձեռք կբերվեն «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գրքի 190 օրինակ անգլերեն և «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» գրքի 1000 օրինակ անգլերեն տպագրական աշխատանքներ:

 

 

Երևան ժամանած համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակողները հաշվի են առնում Սահմանադրական խորհրդի դիտողությունները:

 

 

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն էլ ՀՀ և Թուրքիայի շահերից բխող է համարեց 1915թ. կոտորածների «լիակատար և անկեղծ ճանաչումը»:

 

Եպիսկոպոսաց ժողովն ավարտելով աշխատանքները՝ ընդունեց հայտարարություն, որով միջազգային հանրությանը և Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ ուղղեց:

 

 

 

Ուկրաինա



ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարեւորեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի համագործակցությունը գլոբալ հարցերում, այդ թվում ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում:

 

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հակիրճ քննարկեցին երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:

 

 

ԱՊՀ-ի գործկոմն Ուկրաինայի արեւելքում կայացած ընտրությունները դիտում Է որպես կատարված փաստ:

 

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ գտնելու օգտին, իսկ Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ հայտարարեց, որ ուկրաինական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

 

 

G-20-ի գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր անգելա Մերկեը հայտարարեց, որ ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ դիտարկում է նոր պատժամիջոցներ, միաժամանակ հայտնաի դարձավ, որ ՌԴ-ն Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին չի պատրաստվում հանձնել Ուկրաինայի ներկա իշխանություններին:

 

 

Սիրիա



Անցնող շաբաթ Դամասկոսի և Հոմսի գյուղերի մոտ 200 զինյալներ հանձնվեցին իշխանություններին, իսկ սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում ոչնչացրեց ավելի քան 90 ահաբեկիչների:

 

Պենտագոնն էլ հայտարարեց Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում առաջընթացի մասին: