Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Առավել ուշագրավների շարքում էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող ներքաղաքական իրադարձությունները:«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից
Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 24-ին Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որտեղ կկայանա ոգեկոչման պատարագ:
Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին:
Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երևանյան պուրակը մարտի 8-ին համալրվել է հարյուր վարդենիներով' ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի նաեւ Չեխիայում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված տարբեր ծավալի եւ բովանդակության մի շարք միջոցառումներ է իրականացնում՝ սկսած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցության ցուցաբերումից մինչեւ Դիլիջանի քոլեջում անվանի պատմաբանների եւ ցեղասպանագետների դասախոսությունների կազմակերպում: «Արմենպրես»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել «Հայաստանի զարգացման նախաձեռնությունն եր» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի հետ:
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու մասին:
Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում մարտի 6-ից 7-ը տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտն ու «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամը:
Հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք որգեկոչման արարողությանը կհանձնի «Ավրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհվելու է Հայոց ցեղասպանության տարիներին ուրիշների փրկության համար իրենց վտանգած անձանց:
Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը մարտի 10-ին նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզին և Հարիին' կապված վերջիններիս կողմից ապրիլի 24-ին Գալիպոլի այցելելու մասին կայացրած որոշման հետ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Փարիզում մարտի 25-28-ը կկայանա «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1915-2015թթ. հետազոտության 100 տարի» խորագրով գիտաժողովը: 4-օրյա գիտաժողովը կանցկացվի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվո նախագահությամբ:
Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկեց 100 LIVES նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ' Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն կկայանա Նյու Յորքի Թայմս Սքուեյր հրապարակում, 2015 թվականի ապրիլի 26-ին, ԱՄՆ ժամանակով ժամը 13:45-ին: Իսկ Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությունը կկայանա ապրիլի 19-ին Աթենքի կենտրոնական հրապարակում' Սինթաղմայում: Այդ օրը հունական պետության եւ հայ համայնքի նախաձեռնությամբ կկայանա միջոցառում ´, որին կմասնակցեն Հունաստանի խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային եւ հասարակական գործիչներ:
Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին' մասնավորապես հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը այդ երկրի կառավարությունից պահանջել է ճանաչել «100 տարի առաջ Օսմանյան հողերում հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը»: «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց' Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի հետ' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ:
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։ Այս մասին France Presse լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, որտեղ շեշտվում է, որ նախորդ դարասկզբին մեկ ու կես միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում:
«Այլևս երբեք…». hենց այս խորագրի ներքո մի շարք երկրներում կներկայացվեն Հայոց ցեղասպանությանն առնչվող ֆիլմեր: Իսկ Հայ, թուրք և եվրոպացի գործիչները կոչ են արել Ցեղասպանության տարելիցին լինել Ստամբուլում:
Ամերիկյան հայտնի կինոդերասան Ջորջ Քլունին, խոսելով իր Not On Our Watch կազմակերպության' 100LIVES նախաձեռնությանը միանալու որոշման մասին, նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել:
Ներքաղաքական
Հայաստանի ընդդիմադիր դաշտում այս պահին վակուում է, որը վաղ թե ուշ լրացվելու է այն քաղաքական ուժի կողմից, որն ավելի ճարպիկ կգտնվի: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցածը համարում է իրավիճակի արագ փոփոխություն: Պատգամավորը վստահ է, որ վիճակն ուղղելու համար մեկ ճանապարհ գոյություն ունի' ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համարում է, ար այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը կազմալուծված է: Միևնույն ժամանակ պատգամավորը նկատում է, որ սա չի նշանակում, թե Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ չկան:
Գագիկ Ծառուկյանը չէր ցանկանում, որ երկրում արյունահեղություն լիներ, եւ հենց դրանով է պայմանավորված նրա հեռանալը քաղաքականությունից: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը կարծում է' Ծառուկյանը չի հեռացել ճնշումների, պարտադրանքի ներքո: Իսագուլյանը, միաժամանակ, շեշտում է, որ փետրվարի 12-ից հետո Ծառուկյանը մնացել էր միայնակ:
Մարտի 10-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել: Կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանն անհեթեթություն է համարում խոսակցություններն այն մասին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ականներին հրահանգում է լքել կուսակցությունը:
ՀՅԴ-ն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության ներկայացրած առաջարկները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին հանդիպել է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանին, Ստեփան Մարգարյանին և Միքայել Մելքումյանին, «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանին, Հեղինե Բիւարյանին և Մհեր Շահգելդյանին, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանին, Արարատ Զուրաբյանին և Դավիթ Առաքելյանին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանին, Անուշ Սեդրակյանին և Հովհաննես Ղազարյանին, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանին և Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Մարտի 13-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը: Կուսակցությունները հայտնել են իրենց դիրքորոշումները սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիայի համար Նախագահի հաջողված քայլի շուրջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն տվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի:
ԼՂ հիմնահարց
Լյուբլյանա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարլ Էրյավեցի հետ: Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հայտարարել է, որ Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը' հույս ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ կստանա խաղաղ կարգավորում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանՌոբերտ Սեկուտան հայտարարել է, որ իր երկիրը եւս հավատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:
ԼՂՀ վերաքննիչ դատարանում մարտի 10-ին հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։
Ադրբեջանի ռազմական դատախազությունն «ավարտել է» 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի «աչալուրջ» զինծառայողների կողմից անհայտ հանգամանքներում գերեւարված' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Էդուարդի Բաղդասարյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով հարուցված «քրեական գործի» հետաքննությունը եւ այն ուղարկել դատարան:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին ելույթ է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը հանդգնում է ԵԱՀԿ-ն օգտագործել իր նեղ քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) հանդիպել են Բելառուսում' քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել: Նա նշել է, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի նստել Արցախի ժողովրդի հետ:
Եվրատեսիլ
«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի դարձավ մարտի 12-ին, նույն օրը կայացավ «Don’t deny» երգի պրեմիերան: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված եւ ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է:
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 9-ին ստորագրել Է Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում Է երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ դյուրացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:
Գյումրիի ողբերգություն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզվել են մի շարք կարևոր հանգամանքներ:
Բորիս Նեմցովի սպանությունը
Բորիս Նեմցովն սպանվել է մուսուլմանների եւ իսլամի վերաբերյալ իր արած բացասական հայտարարությունների պատճառով: Այս հայտարարությունն իբր արել է հանցագործությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Զաուր Դադաեւը: Միաժամանակ Չեչնիայի Շելկովյան շրջանում մարտի 8-ի երեկոյան իրականացված հատուկ գործողության ընթացքում եւս երկու մարդ Է կալանավորվել Բորիս Նեմցովի սպանության հետաքննության կապակցությամբ:
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում պատվիրատուներ չեն եղել: Այդ մասին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը մարտի 11-ին հայտարարել է, որ սուտ մեղադրանք Է բարդել իր վրա, երբ խոստովանել Է, որ մասնակցել Է այդ հանցագործության կատարմանը: Հաջորդ օրը Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են Բորիս Նեմցովի սպանության «միջազգային հետաքննություն» անցկացնել:
Իսլամական պետություն
«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը միացել է ԻՊ-ին: Այս մասին հայտարարել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը, ում անունը չի նշվում: