Անցնող շաբաթը հարուստ էր թե տնտեսական, թե հասարակական-քաղաքական բնույթի իրադարձություններով, որոնք արձանագրվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:
Ներհայաստանյան իրադարձություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին մասնակցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարին, որտեղ հանդես եկավ մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով: Նախագահը հայտատարեց, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար մարտահրավեր է մնում երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Դրա համար ՀՀ կառավարությունը և Կենտրոկան բանկը պետք է ավելացնեն ջանքերը' արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները նվազեցնելու և ճշգրտումները սահուն իրականացնելու համար: Նախագահն այս համատեքստում ընդգծեց, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ համաշխարհային տնտեսական տեղաշարժերից:
Խոսելով Հայաստանի համար տնտեսական առանջնահերթությունների ու մարտահրավերների մասին' Նախագահը շեշտեց, որ կարևոր է ոչ միայն ներդրումային միջավայրի բարելավումը, այլև երկրի անվտանգության ապահովումը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այդ նպատակով Հայաստանը 90-ականների կեսերի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացրել է 10 անգամ:
ԱԺ-ն դեկտեմբերի 4-ին վերսկսեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցողը' ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացրեց պետբյուջեի նախագծի որոշ դրույթներ, ինչպես նաև հիմնական նպատակադրումները: Նույն օրը խորհրդարանն ընդունեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց 71, դեմ՝ 46 պատգամավոր: Պետբյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամ յանը հայտարարեց, որ իրատեսական է համարում ՀՀ 2015թ. պետական բյուջեն:
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ն ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտեց 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները:
Անցնող շաբաթ միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստեցին ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկը: Վերջինս հայտարարեց, որ այդ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն միաժամանակ կոչ արեց զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ դոլարի փոխարժեքի աճը և դրամի արժեզրկումը սպեկուլյացիայի հետևանք է:
Անցնող շաբաթ թանկացումներ տեղի ունեցան պարենային մի շարք ապրանքախմբերում: Ստեղծված իրավիճակին անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը' հավաստիացնելով, որ Հայաստանի իշխանությունները զսպման մեխանիզմներ կկիրառեն թանկացումների դեմ: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը' ՀՀ վարչապետն էլ նշեց, որ Հայաստանում նկատվող գնաճը արտաքին տնտեսական զարգացումների հետևանք է: Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում էլ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահին ներկայացնել գնաճի վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Արմեն Երիցյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:
Անցնող շաբաթ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի մասնակցությամբ դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ: Դեսպանը Հայաստանի ամերիկյան համալսարանում անհարգալից եւ կողմնակալ հայտարարություններ արեց, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ բացահայտ հակասեմիտական և հոմոֆոբիական էին: Սա պատճառ հանդիսացավ, որպեսզի Ռումինիայի ԱԳՆ-ն դեսպանին շտապ կանչի Բուխարեստ' բացատրություններ տալու համար: ՌումինիայÕ « ԱԳՆ-ն առանձին հայտարարությամբ դատապարտեց և քննադատեց Վասիլեին' հրահանգելով նրան հրապարակային ներողություն խնդրել:
Սորին Վասիլեի հայտարարությունը քննադատացեին նաև ռումինահայ առաջնորդները:
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին
ՀՀ ԱԺ-ն սկսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացնելով պայմանագիրը, ընդգծեց, որ ԵՏՄ-ին միանալով' Հայաստանը լուրջ հնարավորություններ կստեղծի երկրի տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ պետական բյուջեն ցնցումների չի ենթարկվի, և միացումը պետբյուջեի վրա բացասական ազդեցությո ւն չի ունենա:
Սուրեն Կարայանի խոսքերով, ԵՏՄ-ի անդամ դառնալով'Հայաստանը տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ չի ունենալու և Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումները խնդիր չեն առաջացնի:
Միաժամանակ, ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում կայուն տնտեսական աճ ունենալ, իսկ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի ՀՆԱ աճի վրա կարտացոլվի 2016 թվականից:
Սուրեն Կարայանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ԵՏՄ-ում լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ կունենա: Միաժամանակ նա նշեց, որ այլ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի առումով Հայաստանը 5 տարի արտոնյալ պայմաններ կստանա:
ԱԺ-ն դեկտեմբերի 4-ին վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը. կողմ քվեարկեց 103, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1պատգամավոր:
ՀՀ վարչապետի մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին աշխատանքը սկսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով: Աշխատաժողովին ներկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան հայտնեց, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ ԵՏՄ տարածքում աշխատուժը ոչ մի խտրականության չենթարկվի ո'չ իրավաբանական, ո'չ տնտեսական, ո'չ սոցիալական առումներով: Վալովայան առաջարկեց նաև ամեն ինչ անել, որ գործարարներն առաջին օրվանից զգան ԵՏՄ գործարկման առավելությունը: Վալովայան հայտարարեց, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացն իրականանում է ճիշտ ժամանակին, և այն համաշխարհային տնտեսությունում սեփական դիրքն ամրագրելու նպատակ է հետապնդում' ընդգծելով, որ ԵՏՄ-ի ստեղծումն ուղղված չէ Եվրամիության դեմ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Պետդումա ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը:
Դաշնային ժողովում ամենամյա ուղերձի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ 2015թ. հունվարի մեկից ամբողջովին կսկսի աշխատել Եվրասիական տնտեսական միությունը, որի հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և պրագմատիզմը:
Հայոց ցեղասպանություն
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Ընդունված փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալություն ները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև' պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:
Հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը երախտապարտ է Բոլիվիային' Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Բոլիվիայի խորհրդարանին երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ Ազգային ժողովը: Այդ թեմայով ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հայտարարությամբ հանդես եկավ Գալուստ Սահակյանը:
Բոլիվիայի այս քայլին արձագանքեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա նշեց, որ Բոլիվիան տևական դադարից հետո շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Բոլիվիայում Ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանն ուշացումով արձագանքեցին թուրքական ԶԼՄ-ները: Հետաքրքիր էր հատկապես dokuz8haber.com կայքի դիտարկումը. վերջինս նշեց, օրինագիծն ընդունվել է չնայած այն բանի, որ Բոլիվիայում չկան հայ բնակչություն և Հայաստանի դեսպանություն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց նաև Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը: Վերջինս բանաձևը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ: Եկեղեցական ժողովի մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել Վիրջինիայի հայ համայնքի հետ մասնակցելու Սբ. Հակոբ հայկական եկեղեցում 2015թ. ապրիլի 18-ին տրվելիք էկումենիկ պատարագին' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը' ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող' ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստում ներկայացվեց նրանից մեկի' Դիլհամ Ասկերովի մասին պատմող գիրք: Գրքում մանրամասնորեն ներկայացված են Ասկերովի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Նիստում դատապարտյալը նշեց, որ ատելություն չունի հայ ազգի նկատմամբ և գրքի հեղինակն ուղղակի հորինել է դա:
Դատարանում հերթական նիստերից մեկում որպես իրեղեն ապացույց ներկայացվեց Սմբատ Ցականյանի սպանության գործիք դարձած ինքնաձիգը: Դիվերսանտների գործով նիստում որպես վկա ցուցմունք տվեց Հակոբ Ինջիղուլյանը: Ըստ Ինջիղուլյանի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Վկա Ինջիղուլյանն ի դեմս Հասան Հասանովի նկարի, ճանաչեց այն անձնավորությանը, ով ներկա է եղել իր հարցաքննությանը։ Ադրբեջանցի դիվերսանտների գործով դատաքննության փուլն ավարտվեց, իսկ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
ԼՂ հակամատրության կարգավորման թեմայի և վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մասին ԵԱՀԿ ամբիոնից բարձրաձայնեց ՀՀ ԱԳ նախարարը' ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին: Նախարարը նշեց, որ Բաքուն շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերը' միաժամանակ հաշվի չառնելով նաև հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդների կողմից ներկայացված առաջարկները:
Բազելում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտարարեց, որ ՌԴ-ն կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ համաձայնության հասնելու ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
Ուկրաինա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույցի ընթացքում չբացառեցին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացման հնարավորությունը: «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կշարունակեն սերտորեն աշխատել թե պատժամիջոցների հարցում, թե Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդեց Եվրախորհուրդը: ԱՄՆ-ը էլ իր հերթին չբացառեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Իրանի հետ գործարքների համա ր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները Կիեւին կաջակցեն ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներով: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն էլ նշեց, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինայի նոր կառավարությանը:
Ուկրաինական թեման ՌԴ-ի Դաշնային ժողովին հղած ուղերձում արծարծեց նաև ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան Ուկրաինայի հարցում տեղի չի տա Արեւմուտքի ճնշմանը:
Բազելում դեկտեմբերի 4-5-ին կայացավ ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարները խորհրդի նիստը: Նիստի առաջին օրը նախարարները քննարկեցին ուկրաինայում ստեղծված իրավիճակը, սակայն այդպես էլ չկարողացան համաձայնեցնել Ուկրաինային վերաբերող ամփոփիչ փաստաթուղթը:
Սիրիա
Դեկտեմբերի 2-ին հայտարարվեց, որ լիբանանյան բանակը ձերբակալել է ԻՊ-ի ղեկավարի կնոջն ու որդուն: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ' նրանք ձերբակալվել են սիրիական սահմանն անցնելու ժամանակ, երբ նրանց մոտ կեղծ անձնագրեր են հայտնաբերվել: Իրաքի ներքին գործերի նախարարությունը, սակայն, դեկտեմբերի 3-ին հայտարարեց, որ ձերբակալված կինը Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը չէ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դադարեցրեց սիրիացի 1,7 միլիոն փախստականներին օգնություն տրամադրել: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարեց, որ պատճառը լրացուցիչ ֆինանսավորման բացակայությունն է: Մտավախություն կա, որ դրա հետևանքով հնարավոր է սով սկսվի: Ծրագիրը շարունակելու համար դեկտեմբերին անհրաժեշտ է 64 միլիոն դոլար:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը կոչ արեց Հալեպում «սառեցնել պայքարը»: Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի սեմինարի ժամանակ Ստեֆան դե Միստուրան նշեց, որ առաջին հերթին պետք է կենտրոնացնել ջանքերը Հալեպ քաղաքի վրա՝ կոչ անելով «սառեցնել պայքարը» քաղաքական գործընթաց սկսելուց առաջ: