Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններն ըստ «Mediamall.am» լրատվականի.

 

ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում նախ հանդիպեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային, ով ընդգծեց, որ միջազգային ֆինանսական կորպորացիան կմեծացնի Հայաստանի տնտեսության ոլորտում ներդրումները: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը:

 

Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում:

 

Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ԱՄՀ-ն եղել և մնում է մակրոտնտեսական հարցերում մեր կարևոր գործընկերը:

 

Վաշինգտոնում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ: Ընդգծվել է, որ ՀԲ-ն շարունակելու է երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությունը:

 

Վարչապետը հանդիպել է նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին և նշել, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը ՀՀ կառավարության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է:

 

«Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել:

 

Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է Սփյուռքից, և սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում ծանրագույն վիճակում ´ հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար»,- ասել է վարչապետը:

 

Ներհայաստան իրադարձություններ

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց եւ գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում:

 

ՀՀ Նախագահին ներկայացվեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, միաժամանակ, Սերժ Սարգսյանը հաստատեց ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եռյակին կոչ արեց ավելի լուրջ մոտենալ սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հայտնի կլինի հաջորդ տարի:

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չի պատրաստվում փոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի մասին խոսակցություններն անհեթեթ են:

 

Չարենցավանում բացվեց հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: «Լյուբավա-Արմենիա»-ի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանիդեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՏՏ ոլորտում 2014թ. կրթական պարգևներին արժանացած երիտասարդներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նախագահի խոսքով՝ ՏՏ ոլորտը գերակայություն է, և այսօր այդ ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլ այլևս մեր ներկան է:

 

Հայտնի դարձավ նաև, որ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից: «Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի ժամանակացույցին, ապա լուրեր կլինեն մի քանի օրից»,- նշել են Opus One-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները:

 

Շաբաթվա վերջին հայտնի դարձավ նաև, որ ԱՄՀ-ն տարեվերջին երկու տրանշով Հայաստանին կհատկացնի 23,48 մլն ՓՀԻ:

 

Հայտնի դարձավ նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան. հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Անցնող շաբաթ հակառակորդի անկանոն կրակահերթի հետևանքով Արցախում զինծառայող վիրավորվեց: Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսելով ադրբեջանական կողմի ոտնձգությունների վերաբերյալ՝ ընդգծեց, որ Հայոց բանակը 3-րդ ուժի կարիք չունի անվտանգություն ապահովելու համար:

 

Չինարի գյուղում հոկտեմբերի 13-ին հուղարկավորեցին Ադրբեջանի կողմից գերեվարված եւ հաջորդ օրը սպանված 31-ամյա Կարեն Պետրոսյանին:

ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ն Կարեն Պետրոսյանի գործով միջազգային ատյաններից կպահանջի իրավական գնահատական:

 

Միաժամանակ, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ամռանը ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջան ներթափանցած և վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատասխան տան ԼՂՀ օրենքի առաջ: «Նրանք հանցագործ են, իսկ հանցագործությունները պատժվում են տվյալ երկրի օրենսդրության համաձայն»,-«Արմենպրես»-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե Ադրբեջանը ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում պատրաստվում է բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտներին հետ վերադարձնելու հարցը, նշեց Սեյրան Օհանյանը:

 

Անցնող շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոտքով հատեցին սահմանն ու ժամանին Հայաստան: Համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը մտահոգիչ է: Հանրապետության Նախագահը վերահաստատեց, որ Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած հերթական այցից հետո համատեղ հայտարարություն տարածեցին, որում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը:

 

Իր հերթին, ՀՀ համանախագահաները կոչ արեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանը չի գնա ԼՂՀ անվտանգությունը վտանգող քայլերի: Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալուց հետո ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: «Հայաստանի համար ընդունելի չէ ցանկացած երևույա, որ կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Մենք երբեք չենք գնա նման քայլերի, լինի դա մաքսակետի տեղադրում, թե այլ հարց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

 

Միաժամանակ, Եվրախորհրդարանում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի առաջին խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում:

 

Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն ողջունեց Եվրոպական Խորհրդարանում ԼՂ-ի հետ բարեկամության խմբի ստեղծումը:

 

Հայոց ցեղասպանություն


Հայտնի դարձավ, որ հայ եւ օտարազգի ռեժիսորները տասնյակից ավելի ֆիլմեր կնվիրեն Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նկարահանվում են մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Հայ եւ օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ և ստեղծագործական խմբեր իրենց ֆիլմերի միջոցով աշխարհին և միջազգային հանրությանը կփորձեն կրկին հիշեցնել պատմության ամենասոսկալի և ողբերգական էջերից մեկի՝ Հայոց Ցեղասպանության մասին:

 

Միաժամանակ, տեղեկացվեց, որ Հայոց ցեղասպանությունն իտալական Կալյարի քաղաքում միջազգային ժողովի առանցքային թեման է լինելու: Իտալիայի Սարդինիա կղզու սրտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաեվրոպական մեծ ակցիա է ծրագրվում: Այդ նպատակով Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին և 25-ին իտալական Կալյարի քաղաքում կկայանա Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովը, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ կնվիրվի Հայոց ցեղասպանությանը:

 

Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարեց, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակից կունենա:

 

Անցնող շաբաթ «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը նոր թափ ստացավ: Նախաձեռնությանը միանում են ավելի ու ավելի մեծ թվով հայտնի հայ ու արտասահմանյան գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ պարունակող գրությամբ լուսանկարվում են և ներբեռնում իրենց լուսանկարները սոցցանցերում:

 

Հայտնի դարձավ նաև, որ Սպիտակ տունը ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության որբերի գորգը: «Նախագահ Օբաման հստակ որոշում ունի կայացնելու: Եթե Հայոց ցեղասպանության որբերի գորգը հրապարակայնորեն ցուցադրելու մասին Նախագահ Օբամայի որոշումը իրական առաջընթաց է խորհրդանշում, ապա նա այսուհետ պարզ և ազատորեն կխոսի Հայոց ցեղասպանության' այն ահասարսուռ, բայց դեռ անպատիժ մնացած հանցագործության մասին, որի հետևանքով ստեղծվել է այն (գորգը)»,- հայտարարեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

 

Միաժամանակ, Սպիտակ տունը Թուրքիային կոչ արեց ճանաչել իր անցյալի ցավոտ դրվագները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել են 1,5 միլիոն հայերի սպանդը և մահվան երթը, որն իրականացվել է Օսմանյան կայրսության վերջին օրերին:

 

Նրանք պարբերաբար հայտնել են, որ դեպքերի լիակատար, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից, այդ թվում' նաև Թուրքիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի: Ի նչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ասպարեզ» պարբերականին ուղարկած էլեկտրոնային հաղորդագրության մեջ հայտնել է Օբամայի աշխատակազմի նեւկայացուցիչը' այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայարարել է, որ նոյեմբերին կցուցադրվի Հայոց ցեղասպանության որբերի գորգը:

 

Ժնևում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, իսկ Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հուշարձանը կօծվի ապրիլի 24-ին: Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը կկայանա նոյեմբերի 2-ին:

 

Ուկրաինա


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ հայտարարեց, որ դրա գլխավոր ողբերգությունը ուկրաինացի եւ ռուս ժողովուրդների օտարացումն Է: Պուտինը նշեց, որ այսօր առկա բոլոր հիմնախնդիրներով հանդերձ, հարկավոր Է գտնել այս վիճակը հաղթահարող ուղին: Անցնող շաբաթ Պուտինը եւ Պորոշենկոն քննարկեցին Դոնբասի իրադրության կարգավորումը:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսակապով խորհրդակցություն անցկացրեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ, որի արդյունքում կողմերը կոչ արեցին Ռուսաստանին՝ ավելին անել Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ Մինսկի հանդիպմանը ձեռք բերված համաձայնություններն իրագործելու համար:

 

Միաժամանակ, Պուտինը եւ Մերկելը 2,5 ժամ քննարկեցին Ուկրաինայի ճգնաժամը: «Տեւական (մոտավորապես 2,5 ժամ) եւ հանգամանալի զրույցի ընթացքում Պուտինը եւ Մերկելը բավական մանրակրկիտ քննարկում են անցկացրել Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի շուրջ: Ընդգծվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտող կողմերի տարանջատման գործընթացն ավարտելու առաջնահերթ կարեւորությունը»,- ասաց Պուտիօնի խոսնակ Պեսկովը:

 

Սիրիա

 

Անցնող շաբաթ Հոմսի և մոտակա գյուղերի 104 զինյալներ հանձնվեցին իշխանություններին:

Ռուսաստանը հումանիտար բեռներով ինքնաթիռ ուղարկեց Սիրիա: Այնտեղ հասցվեց 17 տոննա բեռ՝ մսի ահածոներ, շաքար եւ մանկական սնունդ:

 

Իրանը մերժեց Սիրիայից զորքերը դուրս բերելու Սաուդյան Արաբիայի կոչը, իսկ սիրիական բանակը և օդուժը տասնյակ զինյալների ոչնչացրեցին երկրի տարբեր հատվածներում:

 

Սիրիայում զոհվեց նաև ԻԼԻՊ-ի կազմում կռվող հերթական ադրբեջանցին: