Անցնող շաբաթը կրկին հագեցած էր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով: «Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող շաբաթը:
Ներհայաստանյան իրադարձություններ
Անցնող շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը շարունակեց մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Այն տատանվեց 460-470 դրամի շրջանակում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկում կայացած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանան ժամանակ շեշտեց, որ Հայաստանում կան ֆինանսական կայունությունը պահպանելու բոլոր հնարավորությունները, իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ ընդգծեց, որ Կենտրոնական բանկը 2015 թվականին էապես կմեծացնի բանկային համակարգի կայունության պահանջները:
Հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն արդեն դեկտեմբերի 22-ից սկսում է 10 տարի ժամկետով ԱՄՆ վիզաների տրամադրումը: Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ երկարաժամկետ վիզաները կտրամադրվեն 2015թ. հունվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն համաձայնագիր ստորագրեցին, որով ՌԴ-ն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ՀՀ-ին կտրամադրի 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ:
Ամփոփելով անցնող տարին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այն գնահատեց դժվար, բայց ընդգծեց, որ դրական տեղաշարժեր արձանագրվել են, միաժամանակ նախարարը նշեց, որ հաջորդ տարի գյուղմթերքների արտահանումը կավելացվի, բայց ոչ ներքին շուկայի հաշվին:
Իր ամփոփիչ ասուլիսում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արդյունաբերական նոր ճյուղերը կազատվեն հարկերից: «Պարտադիր պայման է լինելու այն, որ այդ ձեռնարկությունները սկսեն նոր արտադրություններ, ինչպիսիք մինչ օրս չեն եղել հանրապետությունում: Այսինքն' այսուհետև ազատ տնտեսական գոտիները կգործեն արդյունաբերողների համար»,- հայտնեց նախարարը:
ՀՀ կառավարության նիստում ՀՀ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ փոխարժեքի շուկան կայունացել է, գները' նվազել, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշեց, որ ուսումնասիրություններ է իրականացնում խոշոր սուպերմարկետներում: «Այնուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա, և փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով նվազել են»,- ասաց Շաբոյանը:
Անցնող շաբաթ ՀՀ կառավարությունում ստորագրվեց հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Շաբաթվավերջին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում ընդունելության հրավիրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և ընդգեց, որ նրանք ավելին են անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է:
Հայտնի դարձավ, որ Ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցություն-հայ-եվրոպական հարաբերություններ
Անցնող շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը վավերացրեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Մոսկվայում կայացած ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ առաջնորդ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը գալիք տարվա հունվարից 2-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:
ՀՀ կառավարությունն էլ հրապարակեց երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված եւ սահմանափակումներ պարունակող ապրանքախմբերի ցանկը: Այդ ապրանքների թվում էր նաև գրենլանդական փոկերի ու դրանց ձագերի կաշին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ է պատրաստում: Ներկայումս Հայաստան-Եվրամիություն համագործակցության ոլորտների հստակեցման համար անցկացվում են տեսակոնֆերանսներ, իսկ փետրվարին կկազմակերպվի Եվրահանձնաժողովի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան, որպեսզի ամփոփվեն այդ քննարկումները և ձևավորվի այն պատկերը, թե նոր ստորագրվելիք փաթեթում Հայաստանը ինչ ոլորտներ և պայմանավորվածություններ է ներառում:
Միաժամանակ, Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանում ևս մեկ անգամ հայտարարեց, որ տարբեր միություններում գտնվելը չի խոչընդոտի Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը առևտրային և տնտեսական ոլորտներում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անընդունելի համարեց ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումը: Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:
Միաժամանակ, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց հայտարարության մեջ հերթական անգամ վերահաստատեցին ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Անցնող շաբաթ Արցախի ՊԲ-ն հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը կասեցրեց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը' նրան հասցրեցին կորուստներ և ստիպեցին նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Միաժամանակ, դիվերսիոն փորձի ժամանակ ադրբեջանցիների տեղադրած ականները վնասազերծվեցին:
Դեկտեմբերի 27-ին էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորեցին չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին, իբր դեկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի հետեւանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: Ըստ «ԱՊԱ»-ի' գերի ընկնողը Արսեն Բաղդասարյանն է:
«Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Իր հերթին, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժ ամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Հայոց ցեղասպանություն
Հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը' Ամալ Ռամզի Ալամուդդինը 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայանալիք Փերինչեքի գործով նիստում կլինի Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակն է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական դաշտ: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը պետք է ավելի ուժեղացնի աշխատանքներն այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ պատվիրել է ուսումնասիրել Ցեղ ասպանությունից տուժած հայերի կտակները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ցուցանմուշները կներկայացվեն աշխարհի մայրաքաղաքներում. այսօր արդեն նախապատրաստական աշխատանքի առյուծի բաժինը կատարվել է:
Իր հերթին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ գալիք տարի եվրոպական ևս մի երկիր կարող է Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունել: «Մենք բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, և կա մի երկիր, որը գալիք տարի ընդունելու է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք»,- ընդգծեց Շարմազանովը՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:
Միաժամանակ, Լոս Անջելեսում Ցեղասպանության հիշատակի թեմայով արվեստի գործը մեկ ամիս կփակցվի քաղաքային ավտոբուսների վրա:
Հայաստանում էլ մեկնարկեց Հայոց ցեղասպանության հիշատակի «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը: Այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված աշխարհի խոշորագույն նպաստամատույց առաքելությանն ու ժառանգությանը, որը, ցավոք, ներկայում մոռացվում ու անտեսվում է ամերիկյան հիշողության և ներկա քաղաքականության մեջ:
Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնեց Ղրիմի տնտեսական շրջափակման համար: Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հեռախոսազրույցում կարեւորել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «Ուկրաինայի ազատության աջակցման մասին» փաստաթղթի ստորագրումը:
Անցնող շաբաթ Գերագույն ռադան օրենք ընդունեց արտադաշինքային կարգավիճակից Ուկրաինայի հրաժարվելու մասին, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու Կիեւի մտադրությունը միայն բորբոքում Է իրադրությունը:
Միաժամանակ, ՌԴ-ն Ուկրաինայի հետ պարտավորագիր ստորագրեց Ղրիմի տարածք ԷլեկտրաԷներգիայի տարանցման մասին, իսկ Մինսկում Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի բանակցությունների մասնակիցները համաձայնության եկան գերիներին «բոլորին՝ բոլորով» սկզբունքով փոխանակելու շուրջ: Դեկտեմբերի 27-ին էլ Կիեւի եւ Դոնբասի միջեւ տեղի ունեցավ գերիների խոշորագույն փոխանակումը հակամարտության ողջ ընթացքում:
Միաժամանակ, աղմկալի հայտարարությամբ աչքի ընկավ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ոբ Ղրիմը եւ Դոնբասի մի մասն «օտար աշխարհ» համարեց:
Սիրիա
Անցնող շաբաթ ապահովության համար փոքրերին և տարեցներին Քեսաբից տեղափոխեցին Լաթաքիա: Մի քանի օր առաջ Թուրքիայի սահմանամերձ Սև աղբուր գյուղից լուրեր հասան Քեսաբ' թուրքական սահմանի վրա ինչ-որ շարժումներ նկատվելու մասին, սակայն Ճշգրիտ որևէ տեղեկություն չկա, թե դրանք ինչ շարժումներ էին, պարզապես, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղափոխվեցին ավելի ապահով վայրեր:
Միաժամանակ, Սիրիայում հալեպահայ զինծառայող զոհվեց: Սիրիայի Իդլիբ մարզում՝ կենտրոնական բանտի մերձակայքում, ռազմական գործողությունների ժամանակ զոհվեզ Սաքո Սոլակյանը, ով ծնունդով Հալեպից է:
Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ կրկին ընդգծեց, որ սիրիացիները լիովին վճռական են տրամադրված իրենց երկրում ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափաներն արմատախիլ անելու հարցում:
Միաժամանակ, անցնող շաբաթ սիրիական բանակը կանխեց զինյալների հարձակումն Իդլիբի օդանավակայանի վրա:
Հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները հունվարին կհանդիպեն Մոսկվայում: