Անցնող շաբաթն առանձնացավ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքով, ինչի հետևանքով սպանդի ենթարկվեց ողջ ընտանիք:
Հասարակության ուշադրությունը և գործողությունները հիմնականում կենտրոնացած էին Գյումրու դեպքի ուղղությամբ: Միաժամանակ, շաբաթն առաջին աշխատանքայինն էր նոր տարում, ուստի տեղի ունեցավ կառավարության նիստն ու ընդունվեցին մի քանի կարևորագույն որոշումներ : «Mediamall.am» լրատվականն անդրադառնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններն' ամփոփ:
Գյումրու ողբերգություն
Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվեց վեց դի' հրազենային վնասվածքներով: Նախնական տեղեկություններով' կրակողը ռուս զինծառայող էր, ով դիմել էր փախուստի: Այնուհետև հայտնի դարձան Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները: Դեպքի առնչությամբ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկվեցին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն անցկացրեց իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվեց ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցեց Գյումրիում կատարվածի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն էլ հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը սգում է հայ ժողովրդի հետ միասին:
Գյումրիում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները կարևորեցին տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը: Մՙիաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն դատապարտեց Գյումրիի դեպքը:
Հայտնի դարձավ, որ վեց անձի սպանության մեջ կասկածվող Գյումրու ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Սպանդի կասկածյալը չի ենթարկվել ու հանձնվել է սահմանապահներին դեպի վեր կրակոցից հետո: Այնուհետև Պերմյակովը խոստովանեց հանցանքը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ: Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ' հարուցված քրեական գործի շրջանակներում:
Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին տեղափոխեցին Երևան: Հայտնի դարձավ, որ փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել:
Ավետիսյանների դիերը տեղափոխվեց Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի, ողջ Գյումրին սգում էր Ավետիսյանների հարազատների հետ:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:
Նախ որոշում կայացվեց՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ վստա հեցրեց, որ հանցագործը կպատժվի Հայաստանում: Հայտնի դարձավ, որ Պերմյակովի քրեական գործը կքննեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ ընդգծեց, որ Գյումրիի ոճրագործության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին:
Հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ժամանեց Գյումրի և մարզի դատախազության շենքի առջեւ պատասխանեց հավաքվածների հարցերին: Կոստանյանը նշեց, որ հանցագործը մեր երկրի քաղաքացու դեմ է դուրս եկել, նշանակում է' դուրս է եկել նաեւ անձամբ իր դեմ: Գլխավոր դատախազը վստահեցրեց նաև, որ կդիմի ռուսական կողմին' Գյումրու ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու համար:
Լարվածությունը Գյումրիում աճեց, ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվեց 15 անձ, ովքեր ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բարեբախտաբար, Շիրակի թեմի առաջնորդի խոսքը սթափեցրեց գյումրեցիներին, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այցելեց ռուսական ռազմաբազա և դատախազության շենքի առջև հավաքվածներին վստահեցրեց, որ ոճրագործը գտնվում է ռուսական ռազմաբազայում:
«Մենք մեր աչքով տեսել ենք ոճրագործին, նա գտնվում է ռազմաբազայում: Մեզ հարկավոր էր վստահ լինել, որ նա Գյումրիում է, և մենք համոզվեցինք: Կոչ եմ անում բոլորիդ ուղևորվել տուն»,- նշեց Գրիգորյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Գյումրիի դեպքերի կապակցությամբ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից. «Սա իրավական խնդիր է և քաղաքական գնահատականները, կարծում եմ, որևէ մեկի շահերից չեն բխում»,- նշեց նա:
Ոստիկանությունն էլ պարզաբանում ներկայացրեց Գյումրիի և Երևանի միջադեպերի առնչությամբ: Հայտնի դարձավ, որ Գյումրիում և Երևանում ոստիկանություն բերման ենթարկված 59 քաղաքացիները ազատ են արձակվել:
Տեղեկացվեց, որ Պերմյակովի գործով հայկական կողմը դատավարական մի շարք գործողություններ է իրականացրել:
Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգություն հայտնեց Գյումրիի դեպքերի առնչությամբ:
Հունվարի 16-ին գյումրեցի փոքրիկի հաշմանդամության վտանգը կանխելու համար կատարվեց գլխուղեղի փորոքների դրենավորում: Հունվարի 17-ի դրությամբ՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր գնահատվեց:
«Ների´ր Հայաստան». ռուսական լրատվամիջոցները սկսեցին ներողություն հայցել:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից՝ hանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր հղեց հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Նիկոլայ Ռիժկովը հույս հայտնեց, որ Գյումրիի ողբերգությունը չի անդրադառնա հայ- ռուսական բարեկամության վրա:
Հունվարի 17-ին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց' ինչու հայ իրավապահները չեն բռնել Պերմյակովին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ շեշտեց, որ Գյումրու ողբերգության մեղավորները չեն խուսափի խիստ պատասխանատվությունից:
Ներհայաստանյան իրադարձություններ
Տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 12-ին, դոլարի փոխարժեքը տատանվեց 477-483 դրամի շրջանակում և շաբաթվա ընթացքում շարունակեց մնալ գրեթե նույն սահմանագծում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մի շարք նոր նշանակումներ արեց, իսկ կառավարությունը կազմեց հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկը: Գործադիրի նիստում վարչապետը կրկին ընդգծեց, որ կառավարությունը կփոխհատուցի հակառակորդի կրակոցներից տուժած սահմանամերձ համայնքների բնակիչներին: Գործադիրը քննարկեց նաև կառավարու թյան 2015 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է արդյունք ապահովի և ժողովուրդը պետք է այն տեսնի:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Համաշխարհային բանկի մասնագետները մոտ օրերս կժամանեն Երևան և «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ կանցկացնեն: ՀԲ-ի դրական եզրակացության դեպքում «Նաիրիտը» կվերագործարկվի:
Անցնող շաբաթ Moody’s-ն իջեցրեց Հայաստանի վարկանիշը մինչև Ba3: Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը' պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:
Միաժամանակ, Եվրամիությունը Հայաստանին 77.5 միլիոն եվրոյի նոր հատկացում տրամադրեց, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ԵՄ հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան:
Հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն խորությամբ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ձևակերպել սեփական առաջարկները, Հանրապետականն էլ պատրաստակամություն հայտնեց քննարկելու սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկները:
ՌԴ կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու իրավունքով հավասարեցվել են ռուսաստանցիներին:
Քիմ Քարդաշյանն էլ հաստատեց իր այցը Հայաստան. «Մեր հայրը կհպարտանար: Մենք ամբողջ ընտանիքով շատ խանդավառված ենք»,- նշել է Քարդաշյանը:
Հայոց ցեղասպանություն
Անցնող շաբաթ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակ-հրավերին, որտեղ Թուրքիայի Նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել էր ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:
«Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ:
Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղաս պանության ճանաչումն ու դատապարտումը»,- իր պատասխանում նշեց Սերժ Սարգսյանը և հավելեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ ինքը հրավիրե է Թուրքիայի նախագահին Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,- նշեց ՀՀ առաջնորդը:
Միաժամանակ, թուրքահայերը վրդովվմունք արտահայտեցին Էրդողանի' ՀՀ Նախագահին արած հրավերի կապակցությամբ:
Հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործի քննությունը կմեկնարկի հունվարի 28-ին, ինչին Հայաստանում եւ Սփյուռքում մեծ հետաքրքրությամբ են սպասում:
Անցնող շաբաթ հունահայ համայնքը ձախողեց թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում, իսկ Սիրիայի գլխավոր մուֆթին և Կրոնի նախարարը դատապարտեցին Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ թուրքերին:
Ավստրալիայում հրատարակվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված օրացույց, իսկ Վենետիկի ազգային գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Միաժամանակ, Դինքի սպանության օրը նրա հիշատակը կոգեկոչեն Ստամբուլում և աշխարհի տարբեր քաղաքներում: Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում ոստիկանապետ է ձերբակալվել:
Հայտնի դարձավ նաև, որ համաշխարհային մեծության ցեղասպանագետները կհավաքվեն Հայաստանում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Տավուշում հունվարի 11-ին տեղի ունեցած դիվերսիոն անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմը ողջ գիշեր շարունակեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ եւ հայ-ադրբեջանական սահմանը պահել լարվածության տակ: «Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը:
Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրք ային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը տակավին նկատվեց հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործեց նաև անօդաչու թռչող սարքեր:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, արձանագրվեցին նաև հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
Անցնող շաբաթ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող վիրավորվեց:Միաժամանակ, ադրբեջանական կողմի կրակոցներից հայ գյուղացու մեքենան ամբողջությամբ այրվեց. հարուցվեց քրգործ: Ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով ընդհատվեց նաև ԵԱՀԿ դիտարկումը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հայկական կողմն անցած տարում կարողացել է հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել: «Մենք այս տարում էլ մեր բանակի գերակա խնդիրը համարում ենք Հայաստանի ու Արցախի ան վտանգության ապահովումն արտաքին բոլոր սպառնալիքներից, որի համար մշտապես պետք է ունենանք խելամիտ պաշտպանության հայեցակարգ»,- շեշտեց նախարարը:
Նրա խոսքով' եթե հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին 2015թ. շարունակի լարվածությունը, ՀՀ զինված ուժերի խիստ գործողությունները նույնպես շարու նակական կլինեն: «Հակառակորդի գործողությունները կարժանան ՀՀ ԶՈՒ խիստ պատասխանին»,- ասաց նախարարը:
Բրիտանական The Guardian-ն էլ իր հերթին Լեռնային Ղարաբաղը ներառեց 2015-ի լավագույն արկածային հանգստավայրերի ցանկում:
Ուկրաինա
Անցնող շաբաթ ՄԱԿ-ը հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը հասել է առնվազն 4808-ի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Ուկրաինայի արեւելքում ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ դիմակայության թուլացում արձանագրեց, բայց դրա հետ մեկտեղ ուշադրություն դարձրեց տարածաշրջանում հումանիտար իրադրության վատանալու վրա:
Իր հերթին, Հռոմի պապը հորդորեց դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը եւ միասնաբար հակազդել «Իսլամական պետությանը»,
«Նորմանդական քառյակ»-ն էլ կոչ է արեց Ուկրաինայի խնդրով շփման խմբի հանդիպում անցկացնել:
ԱՄՆ-ն Ուկրաինային վարկային երաշխիքներ տրամադրեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ դատապարտեց Դոնեցկի մերձակայքում մարդատար ավտոբուսի գնդակոծումը, ինչի հետևանքով զոհվեց 12 անձ:
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը «կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համատեղ հոդվածում, որը հունվարի 15-ին հրապարակել է Times-ը:
Սիրիա
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիան շարունակում է մնալ և կմնա ահաբեկիչների համար Սիրիա մուտք գործելու գլխավոր դարպասը:
Անցնող շաբաթ Հալեպի հայաբնակ թաղամասում հայի բնակարան այրվեց: Շրջանի հայ երիտասարդները շտապեցին մարել կրակը մինչև հրշեջ մեքենաների ժամանումը: Երիտասարդները բնակարանից դուրս են բերել տարեց կնոջ: Դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաներին հաջողվեց մարել հրդեհը:
Միաժամանակ, սիրիական բանակը երկրի տարբեր մարզերում տասնյակ ահաբեկիչներ ոչնչացրեց:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայում կայանալիք համաժողովից հրաժարվելու դեպքում սիրիական ընդդիմությունը շատ բան կկորցնի: Լավրովը դրական ակնկալիքներ ունի կայանալիք հանդիպումից, ինչպես նաև կարծում է, որ հանդիպմանը լավ կազմ կներկայանա:
Հունվարի 16-ին Հոմսի Ալ Վաեր գյուղում ուժի մեջ մտավ 10-օրյա զինադադարը: