Անցնող շաբաթը կրկին աչքի ընկավ տնտեսական, հասարակական-քաղաքական բնույթի հետաքրքիր իրադարձություններով, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Mediamall.am»-ն ամփոփում  անցնող շաբաթը.

 

 

 

Ներհայաստան իրադարձություններ



Շաբաթվա սկզբին Հայաստան ժամանեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունը, որին առաջինն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը Դանիլո Աստորին ընդգծեց, որ Ուրուգվայի նորընտիր կառավարությունը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

 

Ուրուգվայի բարձրաստիճան պատվիրակությանն ընդունեց նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին միջպետական հարաբերություններում ակնհայտորեն մեծ դեր ունեցող խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:

 

Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը տատանվեց 453- 465 դրամի շրջանակում: Հայաստանի կենտրոնական բանկը փոխարժեքի տատանումներով պայմանավորված' մինչև տարեվերջ նոր մոտեցում որդեգրեց:

 

Ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվելու են արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով: Միաժամանակ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց' դրամի արժեզրկման հետևանքով ստեղծված իրավիճակը երկար չի տևի:

 

Խոսելով գազի գնի հնարավոր բարձրացման մասին՝ ՀՀ վարչապետը կոչ արեց այս մասին խոսակցություններով չուղղորդվել: ՀՀ կառավարության նիստում էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ գների բարձրացումները համահունչ են փոխարժեքի տատանումներին:

 

Հայտնի դարձավ, որ «Հին Երևան» նախագիծը շատ ներդրողների է գրավել, սակայն միայն շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսն է լիովին ընկալել' ինչ է իրենից ներկայացնում կառուցապատման այս ծրագիրը և պատրաստ է նախագիծն իրականացնելու համար ներդնել 120-150 միլիոն դոլար:

 

Անցնող շաբաթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։

 

Ստորագրվեց KFW-ի կողմից Հայաստանին տրվելիք 85.2 մլն եվրո վարկի համաձայնագիրը: Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը' վրացական սահմանին մոտ' Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով:

 

Կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների լայն շերտերի համար հունվարի մեկից ԱՄՆ-ի վիզա կտրվի 10 տարի ժամկետով: ԱՄՆ մուտքի արտոնագրերի դյուրացումը տարածվելու է լրագրողների, ուսանողների եւ այլ կատեգորիաների վրա:

 

Միաժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վստահություն հայտնեց, որ մուտքի արտոնագրերի դյուրացումը կսերտացնի Հայաստանի ու ԱՄՆ ժողովուրդներին:

 

Դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մոտ հարձակման ենթարկվեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Դեպքին անմիջապես արձագանքեց Ոստիկանությունը՝ պարզելու հարձակման հանգամանքները:

 

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ բազուկներով ու զոռբայությամբ հարցի լուծումը ՀՀԿ-ի համար ընդունելի չէ: Տեղի ունեցածը դատապարտեց նաև Մարդու իրավունքների պատշտպան Կարեն Անդրեասյանը:

 

Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Արամ Մանուկյանի ծեծի գործով վարույթ իրականացնող մարմինը հետազոտում է տեսագրությունը: Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործն ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է:

 

 

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան



Դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում կայացան Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը' զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում ևս առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին:

 

Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

 

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Հայաստանի և Վրաստանի վարչապետերը վերահաստատել են երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը:

 

ՀՀ վարչապետն ու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրուցյի ժամանակ քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն հայտնեցին երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծեցին, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

 

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպեց նաև տեղի հայ համայնքի և ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքերը վիրահայ համայնքին սատարելու համար:

 

Երևան վերադառնալուց առաջ Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրեցին «Բարեկամության» կամրջի կառուցման համաձայնագիրը: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել:

 

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցություն



Շաբաթվա ընթացքում ՌԴ Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: Այն բազային փաստաթուղթ Է, որը բովանդակում Է ՌԴ- Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ եւ նպատակամղված Է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձեւավորմանը:

 

Միաժամանակ, Հայաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցին ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ևս մեկ անգամ հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի փոխի ԵՏՄ-ին նրա միանալու պատճառով: «Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացման քաղաքական ու տնտեսական ուղիներ ընտրել՝ ելնելով իրենց շահերից: ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու նրա ժողովրդավարական զարգացմանը»,- ասաց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահություն հայտնեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում Բելառուսի և ՌԴ-ի միջև անհարթությունները կհամաձայնեցվեն: «Ցանկացած միության, տնտեսական հարաբերությունների մեջ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի եղած խնդիրները լուծվեն:

 

Ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միությունները, ազատ տնտեսական տարածքները և կարծում եմ, որ այնուամենայնիվ համաձայնության կետեր կգտնեն և անհարթությունները կվերանան: Չեմ կարծում, որ դրանք շատ սկզբունքային են»,- ասաց նախարարը:

 

Անցնող շաբաթ Հայաստանի եւ Ռուսաստանի բուհերը սերտացրեցին կապերը եվրասիական ինտեգրման ոգով: Դեկտեմբերի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության մասնաճյուղի՝ Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

 

 

Հայաստան-Եվրամիություն



Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկայում կկազմվի ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ճանապարհային քարտեզը: Կստեղծվի նոր պայմանագիր եւ կշարունակվի երկխոսությունը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի ԱԳ նախարարի հանդիպմանը երկուստեք կարևորվեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում:

 

Հանրապետության Նախագահը նշեց, որ Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձևավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում:

 

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը: Որոշվել է շարունակել քննարկումները և առաջիկա ամիսների ընթացքում տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդո ւնելի կլինեն կողմերի համար և կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման և զարգացման համար:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն



Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին Երևանում հայտարարեց, որ Ուրուգվայն աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու ուղղությամբ: «Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն, ցանկանում եմ նշել, որ մեր երկրի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները բոլոր, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված երկրների հետ»,- ընդգծեց Աստորին:

 

Անցնող շաբաթ, Արցախում հակառակորդի գնդակից զոհվեց 1995թ. ծնված զինծռայող Գարիկ Արտեմի Իսպիրյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ ՊԲ զինծառայողին հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Դեկտեմբերի 13-ին էլ հակառակորդի դիպուկահարը վիրավորեց Բերքաբերի գյուղացիներից մեկին: «Ձուկ բռնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարները կրակել են 32-ամյա Աղասի Թամրազյանի վրա: Գնդակը կպել է ոտքին: Տարել ենք հիվանդանոց, ամեն ինչ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, կտեղափոխեն տուն»,- նշեց համայնքի ղեկավարը:

 

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ հղեց ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ և ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը վճռական է ու պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները:

 

Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հիմնահարցն առաջիկա օրերին կքննարկեն Բեռլինում: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ընդգծեց, որ Բաքուն դիվանագիտական դելիկատ լեզուն չի հասկանում:

 

Նրա խոսքով՝ փաստը, որ Բազելում եռանախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է ռազմական ճանապարհով կարգավորվի, փաստում է, որ Ադրբեջանը չի հասկանում եռանախագահների լեզուն, դիվանագիտական «դելիկատությունն», ու ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է համապատասխան եզրակացություն անի:

 

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայկական կողմն իր տեսակետների տերն է, Ադրբեջանն էլ դառնում է սեփական ստի զոհը: «Մենք ինքներս չենք խախտում հրադաարը, բայց երբ խախտում են մեր հարևանները, մենք պետք է պատասխան տանք: Նրանց «եռանդը» մարում է, երբ նրանք արժանի պատասխան են ստանում»,- ասաց նախարարը:

 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նկատեց, որ Ադրբեջանն ինտենսիվացրել է խախտումներն իր ժողովրդի ուշադրությունը սոցիալ- տնտեսական խնդիրներից շեղելու համար:

 

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձավ հայ ընտանիքը: Նրանք Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցան բուժզննում և պատմեցին Ադրբեջանում իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մանրամասները:

 

 

Հայոց ցեղասպանություն

 

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը կհամագործակցի, երբ Թուրքիան ընդունի հայկական կողմի պարզած ձեռքը: «Կարելի է համագործակցություն հաստատել այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան: Արդյո՞ք կարելի է համագործակցություն հաստատել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություն հաստատել, որը փակ է պահում սահմանն ու ագրեսիվ ժխտողական քաղաքական դրսեւորումներ է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ:

 

Այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանն ու առաջ շարժվի' կատարելով պարտավորություններն ու լսելով միջազգային հանրության կարծիքն այն մասին, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության եւ Հայաստանի կողմից պարզած ձեռքն ընդունի, ապա հնարավոր է այդ համագործակցությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Հունաստանում հունվարից կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Միաժամանակ, Հաջորդ տարի Մոնտեվիդեոյում նախատեսվում է բացել Հայոց ցեղասպանության պետական թանգարան:

 

Իր հերթին, Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Ուրուգվայը պայքարում է Հայոց ցեղասպանության հիշողությունը վառ պահելու համար: «Պայքարում ենք այն բանի համար, որ երբեք էլ չկրկնվի այդ դաժանությունը, որ պատուհասեց հայ ժողովրդին:

 

Ու աշխատանք ենք տանում այն ուղղությամբ, որպեսզի այդ հիշողությունը պահպանենք: Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց նաև առանց հիշողության չկա ապագա: Շատ շնորհակալ եմ ին ձ ընձեռված այս հնարավորության համար»,- նշեց Դանիլո Աստորին: Ուրուգվայի փոխնախագահն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանությն զոհերի հիշատակին:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից ակնկալում է միասնություն' 2015-ին ասելու «այլևս երբեք»:

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին՝ նշեց, որ իսրայելական շրջանակներում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում Հայոց ցեղասպանության 100-րդ տաերլիցի կապակցությամբ այն ճանաչելու մասին: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք իսրայելական կողմի հետ սկսենք քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Սահակյանը:

 

Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայում նախատեսվող հիշատակի ապրիլքսանչորսյան արարողությունները աննախադեպ չափեր են ունենալու: Թուրքիայում գործող DurDe («Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը») կազմակերպությունն ԱՄՆ-ում ստեղծված Project 2015 կազմակերպության հետ համատեղ կոչ է արել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին մասնակցել Ստամբուլում նախատեսվող հիշատակի արարողությանը:

 

Իր հերթին, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական Թաներ Աքչամը հրատարակեց «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ձուլում» խորագիրը կրող գիրքը: Այն արդեն հասանելի է Թուրքիայի գրախանութներում:

 

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք լրագրող Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը Երևանում չանցավ առանց միջադեպերի: Ներկաները դժգոհեցին Ջեմալ փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի ձևաչափից:

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ միջոցառումից հետո Հասան Ջեմալի իրական կերպարը բացահայտված համարեց:

 

 

Ուկրաինա



Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շաբաթվա սկզբին անհետաձգելի համարեց Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի մասին օրինագծի քննարկումը: Օրինագիծը նախատեսում Է «Ներքին ու արտաքին քաղաքականության հիմունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածից բացառել «արտադաշինքային» բառը եւ այդ օրենքում մտցնել դրույթ, որի համաձայն՝ Ուկրաինայի նպատակը «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելն Է, հավաքական անվտանգության եվրոպական համակարգի ստեղծմանն ու զարգացմանը մասնակցելը»:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշեց, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման հիմքը Մինսկի համաձայնություններն են և ավելացրեց, որ ԵՄ-ն ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների հույս ունի:

 

Ուկրաինան դեկտեմբերի 9-ից սկսեց ռուսական գազ ստանալ, ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական կներմուծվի մինչեւ 43,5 միլիոն խորանարդ մետր գազ:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի կառավարության ծրագրի նպատակը Եվրամիությանն անդամակցելն Է: Միաժամանակ նա շեշտեց, որ 2015 թվականի Ուկրաինայի խնդիրը գոյատեւելն է, զարգացման մասին խոսք չկա:

 

Անցնող շաբաթ Պորոշենկոն հայտարարեց Ուկրաինայում հաստատված «իսկական զինադադարի» մասին: «Ես դրական նորություններ ունեմ… Այսօր (ուրբաթ օրը) յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայում իսկական զինադադար է արձանագրվել: Սա առաջին գիշերն է, որի ընթացքում ոչ մի ուկրաինացի զինծառայող չի վիրավորվել կամ սպանվել»,- France Presse գործակալությունը մեջբերել է Պորոշենկոյի խոսքը:

 

 

Սիրիա



Անցնող շաբաթ Հալեպում հրթիռ ընկավ հայ ոսկերիչների գործարանի վրա: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են: Միաժամանակ, Ազիզիե թաղամասը դեկտեմբերի 10-ի կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ դարձավ: Մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոթատրոնի մերձակայքում հրասանդի պայթյունի հետևանքով տուժեց երիտասարդ հայուհի:

 

Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին վստահություն հայտնեց, որ Սիրիան կհաղթի ահաբեկչության դեմ պայքարում: Սիրիան և Իրանը դատապարտեցին Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա:

 

ԱՄՆ պետաքրտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումով:

 

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն էլ Դամասկոսում հանդիպեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, ինչպես նաև արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմի հետ: Ասադը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին՝ իր ժողովրդի կողքին կանգնելու համար: